Բաժիններ՝

Ըստ գյուղնախարարի՝ անհրաժեշտ է խոշորացնել գյուղացիական տնտեսությունները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի) մշտական ներկայացուցիչ Բրենդլի Բուզետտոյին: Հանդիպման սկզբում գյուղատնտեսության նախարարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է ոլորտի զարգացման միտումները, հիմանական ցուցանիշները և ապագայի ռազմավարական ուղղությունները՝ կարևորելով ՄԱԿ-ի ընտանիքում ներառված բոլոր կառույցների հետ փոխգործակցության արդյունավետությունը: Ինչպես նշվում է նախարարության պաշտոնական կայքում, հյուրի հետ զրույցում նախարարը շեշտել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման անհրաժեշտությունը՝ կոոպերացիայի և ասոցիացիաների ստեղծումը, ինչին Բրենդլի Բուզետտին մեծ ոգևորությամբ է արձագանքել՝ նշելով, որ ինքը 2012-2013 թթ. ղեկավարել է Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ ) և իրեն հետաքրքիր են Հայաստանի կառավարության այս նորարարական մոտեցումները: Նախարարը որպես առաջնահերթություն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգ ներդնելու խնդրին և հույս հայտնել, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն իր նպաստը կարող է բերել այս նախաձեռնությանը ևս: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի) մշտական պատասխանատուն, անդրադառնալով իրականացված ծրագրերին, նշել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունն ունի գիտական և մարդկային մեծ ներուժ, և առաջիկայում կառույցը ջանալու է համագործակցության առավել ընդգրկուն ծրագրեր իրականացնել ոլորտում՝ մասնավորապես համայնքների տեղեկատվական շտեմարանների թարմացման, գյուղատնտեսության փորձնական և համատարած հաշվառման, ջերմատնային տնտեսությունների ստեղծման, ինչպես նաև վերապատրաստման ծրագրերի ուղղությամբ, որոնց հիմանական նպատակն է գյուղական բնակչության աղքատության կրճատումը և եկամուտների ավելացումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս