Մի քանի ակտիվիստներ հայտարարում են. Կրիմինալը ներթափանցել է քաղաքապետարան
Այս օրերին Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած ակտիվիստներ Վահագն Մինասյանը, Գոռ Առաքելյանն ու Սուրեն Սահակյանը հայտարարություն են տարածել: Ի դեպ, տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները հայտարարությունը տարածելով՝ միաժամանակ խնդրել են. «Խնդրում եմ անպայման շեշտել մարդկանց անունները՝ ամբողջ խմբի հետ չասոցացնելու համար»:
Ինչևէ, Վահագն Մինասյանի, Գոռ Առաքելյանի ու Սուրեն Սահակյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:
«Քաղաքապետարանի տրանսպորտի պատասխանատուների պաշտոնանկությունը սկզբունքային հարց է մեզ համար: Կրիմինալը ներթափանցել է քաղաքապետարան:
Մենք` ՀՀ քաղաքացիներս Երևանի տրանսպորտի սակագների թանկացման ապօրինի որոշման կասեցումից հետո նստացույց հայտարարելով քաղաքապետարանի դիմաց`
1. Պահանջում ենք պաշտոնանկ անել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին: Այս պահանջի վրա կենտրոնացումը բոլորովին չի նշանակում, որ անտեսվում են հանրային տրանսպորտին վերաբերվող «Վճարում ենք 100 դրամ»-ի մյուս պահանջները: Այս պայքարի ընթացքում մենք ունեինք խնդիր, որը միահամուռ ուժերով կարողացանք ժամանակավորապես կասեցնել: Այդ գործընթացի ժամանակ հանրությանը փորձում էին խոչընդոտել մարդիկ, որոնց ղեկավարում էին Հենրիկ Նավասարդյանը և Միսակ Համբարձումյանը: Ակցիաների խափանման գործում նրանք աչքի էին ընկնում քրեական տարրերին բնորոշ գործելաոճով: Սույն պաշտոնյաները տվյալ ոլորտում հանդիսանում են առանցքային կերպարներ և նման մարդկանց գոյությունն իսկ հնարավոր ստեղծվելիք հանձնաժողովներում վտանգի տակ է դնում հանրության շահերի պատշաճ պաշտպանությունը որոշումների կայացման ժամանակ:
Նման արժեհամակարգով անձինք իրավունք չունեն, ոչ միայն գտնվել այդպիսի պատասխանատու պաշտոններում, այլև ընդհանրապես մոտ լինել պետական կառավարման որևէ օղակի: Մենք չենք կարող հանդուրժել, որ քաղաքացուն ծեծող, հայհոյող, արհամարող անձը շարունակի պաշտոնավարել: Այդ պաշտոնյաների հեռացումը պետք է դառնա նախադեպ հաճախակի հանդիպող անպատժելիությունը կանխարգելելու համար:
2. Պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից անհապաղ գրավոր և մանրակրկիտ արձագանքել «Վճարում ենք 100 դրամ»-ի ներկայացված պահանջագրին: Այդ պատասխանի տրամադրումը բխում է օրենքի պահանջներից:
Վերահաստատում ենք, որ նստացույցի նպատակներին հասնելու համար վճռական ենք և այն տևելու է այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները կատարվեն: Մեր բոլոր գործողություններն ուղղված են ապօրինություն գործած պաշտոնյաների պաշտոնանկությանը և Երևանում հանրային տրանսպորտի ոլորտի արմատական բարեփոխմանը»: