Բաժիններ՝

Նոր անուններ՝ խոշոր հարկատուների ցուցակում. Ինչ է կատարվում «Սիթի Պետրոլ Գրուպում»

Պետական եկամուտների կոմիտեն այսօր հրապարակել է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ըստ  այդմ՝ այս տարվա առաջին կիսամյակում առաջատարը շարունակում է մնալ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, որն անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ 6.5%-ով ավելացրել է հարկային մուտքերը՝ վճարելով 19.4 մլրդ դրամ: Սա, նկատենք, այն դեպքում, երբ, «ՀայՌուսգազարդի» տվյալներով՝ 2013 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները նվազել են 7.2%-ով, իսկ իրացումը կրճատվել է 2.2%-ով:

Երկրորդ հորիզոնականում դիրքերը կայուն պահում է հանքարդյունաբերական հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ առաջին կիսամյակում վճարելով 12.8 մլրդ դրամ կամ 2012-ի առաջին կիսամյակի համեմատ՝ 13.2%-ով ավելի:

Երրորդ հորիզոնականում հեռահաղորդակցության ոլորտի «Ղ-Տելեկոմ» ընկերությունն է, որը դիրքերը բարելավել է 1 հորիզոնականով, իսկ հարկային մուտքերը՝ 54.2 %-ով, և վճարել է 11.19 մլրդ դրամ:

Իր մրցակցին հետևում է «ԱրմենՏել» ընկերությունը, որը չորրորդ հորիզոնականում է, սակայն հարկերի ավելացման առումով զիջում է «Ղ-Տելեկոմին»՝ ընդամենը 23.4%. ընկերությունը վճարել է 7.5 մլրդ դրամ՝ մոտ 1.5 անգամ պակաս, քան «Ղ-Տելեկոմը»:

Կարդացեք նաև

Ուշագրավ է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերության դիրքը. անցած տարվա 3-րդ հորիզոնականից՝ այս տարվա կիսամյակի տվյալներով՝ այն հայտնվել է 5-րդ հորիզոնականում՝ հարկերը նվազեցնելով միանգամից 27%-ով: Վճարել է ընդամենը 6.75 մլրդ դրամ: Նկատենք, որ «Ալեքս Գրիգը» հայտնվել էր ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում և տարվա սկզբից այնտեղ ստուգումներ էին իրականացվում, նաև փաստաթղթավորման, ավելի ճիշտ՝ դրա բացակայության պատճառով ընկերությունը միլիոնավոր գումարների տուգանքներ էր վճարել:

Ցուցակի 6-րդ տեղում «ամուր» դիրքավորվել է վառելիք ներկրող և իրացնող «Ֆլեշ» ընկերությունը, որը 10.3% ավելացրել է հարկային մուտքերը և վճարել է 5.56 մլրդ դրամ:

Խոշոր հարկատուների տասնյակում է հայտնվել ընդերք շահագործող «Գեո ՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որը նախորդ տարվա կիսամյակի համեմատ՝ դիրքերը բարելավել է միանգամից 8 կետով և 15-րդ հորիզոնականից բարձրացել է մինչև 7-րդ հորիզոնական: Հարկային մուտքերն ընկերությունն ավելացրել է 2.2 անգամ և վճարել է 5.36 մլրդ դրամ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 1 հորիզոնականով ետ է գնացել և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, հարկային մուտքերի ավելացումն աննշան է՝ 1.5%, վճարել է գրեթե 4.67 մլրդ դրամ:

Խոշոր հարկատուների տասնյակի 9-րդ հորիզոնակնում նույնպես համեմատաբար «նորեկ» է՝ «Սամ-Սեր Գրուպ» ընկերությունը, որն այստեղ է բարձրացել 13-րդ հորիզոնականից՝ հարկային մուտքերն ավելացնելով մոտ 1.6 անգամ, վճարել է 4 մլրդ դրամ: Ուշագրավ է, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «Սամ-Սեր Գրուպը» նույնպես փոխկապակցված է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ և գոմեշի մսի ակտիվ ներկրողներից է: Ըստ «Հետքի»՝ դրա հիմնադիրներ են ներկայացված ՀՀ քաղաքացի Վիկտր (անունն այսպես է գրվում) Մանուկյանը և ՌԴ քաղաքացի Սերգեյ Պաշկոն: Մանուկյանը Ալեքսանյանի նախկին «Սալեքս Գրուփ» ՍՊԸ-ի  հիմնադիրներից է:

Եվս մի ուշագրավ փաստ. 2013թ. առաջին կիսամյակում խոշոր հարկատուների ցուցակի տասնյակը եզրափակում է նորահայտ «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը, որը պետռեգիստրում գրանցվել է անցած տարվա վերջին, և որի հիմնադիրն է այն նույն Աշոտ Սալազարյանը, ում պատկանում են նաև նավթամթերքի շուկայում հայտնի «Քաղ Պետրոլ Սերվիս» և «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունները: Աշոտ Սալազարյանը, կարծես, որոշ չափով սնահավատ է՝ իր նոր ընկերությունը նա գրանցել է 2012 թ.-ի 12-րդ ամսվա 12-րդ օրը:

Ի դեպ, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնի» հայտնվելուց հետո «Սիթի Պետրոլ Գրուպը» զգալիորեն թուլացրել է դիրքերը: Այսպես. եթե անցած տարվա առաջին կիսամյակում այն խոշոր հարկատուների ցուցակում 8-րդ հորիզոնականում էր, ապա այս տարվա կիսամյակում «գահավիժել» է մինչև 37-րդ հորիզոնական, իսկ վճարած հարկերն էլ նվազեցրել է ավելի քան 3 անգամ՝ 4.15 մլրդ դրամից դարձնելով 1.31 մլրդ դրամ: Ընդհանրապես, ՀՀ խոշոր տնտեսվարողների մոտ սովորույթ կա՝ հարկային պարտավորությունից խուսափելու նպատակով նրանք սնանկացման են տանում իրենց ընկերությունները՝ միաժամանակ գրանցելով նմանատիպ անունով մեկ այլ ընկերություն, որը հաջողությամբ շարունակում է «սնանկացածի» գործը, այդպիսով մաքրում են հետքերը: Եվ այժմ էլ չի բացառվում, որ հաջորդ տարի «Սիթի Պետրոլ Գրուպն» այլևս ցանկում չլինի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս