Զարուհի Փոստանջյանի կոչ-հորդորը Վլադիմիր Գասպարյանին
Արդեն 5 օր է, ինչ հայ հասարակությունն ընդվզում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 19.07.2013 թվականի 3661-Ա ապօրինի որոշման դեմ եւ մեկ տարուց ավելի է ընվզում է Երևանի փակ շուկայի հուշարձան-շենքի ոչնչացման դեմ:
Այս ընդվզման ալիքի հիմքը այն կոռումպացված համակարգն է, որը այս պահի դրությամբ դեռ անխափան աշխատում է:
Երկու օր առաջ ոստիկանության կոլեգիայի նիստում հայտարարեցիք հետևյալը` «…Մի վերաբերվեք մեր համազգեստի հետ սպառողական մտածելակերպով, այլ ամրացրեք, ուժեղացրեք: Հասարակության կողմից վստահություն ձեռք բերելու ճանապարհը սա է…:»
Եթե հայտարարում եք սպառողական մտածելակերպի մասին, ապա դադարեցրեք Տարոն Մարգարյանի սպառողական ախորժակը` պատասխանատվության կանչելով դրամաշորթներին:
Եթե հայտարարում եք համազգեստի ամրեցման և ուժեղացման մասին, ապա միջոցներ ձեռնարկեք՝ Երևանի փակ շուկայի հուշարձան-շենքը ոչնչացնողներին պատասխանատվության կանչելով:
Եթե ցանկանում եք հասարակության կողմից վստահություն ձեռք բերել, ապա ներողություն խնդրեք, որ մինչ այս պահը չէք կարողացել սպասարկել հասարակության շահը:
Այս հայտարարության հիմքում են ընկած մեր երկրում տիրող համատարած անօրինականությունները և մասնավորապես ներքո թվարկված հանցագործության մասին երկու հաղորդումները`հասարակական կարգի և բարոյականության դեմ, պաշտոնատար անձի կողմից պաշտոնական դիրքի չարաշահում` 04.07.2013 թվականի Երեւանի Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունների, և 24.07.2013 թվականի Տարոն Մարգարյանի կողմից ընդունված ապօրինի որոշման վերաբերյալ:
Այսօր արդեն բողոքարկվում է Երեւանի Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ Ձեր կողմից ղեկավարվող ոստիկանության անգործությունը:
«Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայություն: