Բաց և հանրային քննարկման կոչ՝ հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցում բոլոր շահագրգիռ կողմերին
Վերջին օրերի ընթացքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հնչել են տարբեր տնտեսական գնահատականներ: Խնդրի լուծման վերաբերյալ առաջարկվել են տարբեր մեխանիզմներ: Այսօր պարզ դարձավ նաև Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը, ինչպես նաև Կառավարության նիստում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ արեց մեծ զանգվածներին առնչվող որոշումներն անպայման քննարկել հանրության և ՀԿ-ների հետ, կարևոր որոշումներ կայացնելիս ապահովել հանրային քննարկումներ, հանրային լսումներ, բաց և հրապարակային դեբատներ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ ցանկանում է անդրադառնալ քաղաքապետարանի կողմից տրված հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագնի հիմնավորմանը՝ այս անգամ հաշվի առնելով նաև, որ թանկացումներն իրականացվում են ավելի լավ երթևեկություն ունենալու նպատակով: Այսպիսով՝ քաղաքապետարանի կողմից տարածված մեկնաբանության մեջ 1 միկրոավտոբուսի ամսական ծախսը կազմում է 807.000 դրամ. չնայած այն բանին, որ այսօր չեն իրականացվում այդ ծախսերը, այդուհանդերձ ենթադրենք անգամ, որ հետագայում վերահսկվելու է, որպեսզի իրականացվեն այդ ցանկալի ներդրումները և ուղղակի թղթի վրա չեն մնալու: Նման ներդրումների պարագայում մեքենան 5 տարով ամորտիզացնելն ուղղակի անտրամաբանական է, քանզի ներդրումների և ոչ ծանրաբեռնված երթևեկության պարագայում մեքենաները կշահագործվեն նվազագույնը 10 տարի: 10 տարով մեքենաներն ամորտիզացնելու պարագայում 195.000 դրամ ամորտիզացիոն ծախսը կկիսվի, հետևաբար նաև ընդհանուր ծախսը կկազմի (անգամ բոլոր ներդրումների պարագայում) 712.000 դրամ:
Հիմա անդրադառնանք 16-րդ կետով սահմանված վճարում կատարող 5.850 ուղևորների թվին. այսօր կես շրջապտույտի ընթացքում տեղափոխվող ուղևորների թիվը տարեկան հաշվարկով նվազագույն միջինը կազմում է 25-30 ուղևոր: Սա այն վիճակն է, որը շատ դժվար է փոխել՝ հաշվի առնելով քաղաքի խիտ բնակեցվածությունը և տրանսպորտային միջոցների քանակը, բայց անգամ, եթե իրականացվեն բարեփոխումներ և ավելացվի տրանսպորտային միջոցների քանակը, միևնույնն է կես շրջապտույտի ընթացքում տեղափոխվող ուղևորների թիվը չի կազմում 14 (ամսական 5.850): Կես շրջապտույտի ընթացքում X նստատեղ ունեցող միկրոավտոբուսով տեղափոխվող ուղևորների ինդեքսային գործակիցը կազմում է միջինը X+X/2=1.5 X. այսինքն նստատեղերի կեսն օգտագործվում է 1 անգամ, մյուս կեսը՝ 2: Այսինքն 14 նստատեղ ունեցող միկրոավտոբուսը տեղափոխում է ամսական 21x13x30=8.190 ուղևոր: Հարաբերակցելով ցանկալի 712.000 դրամ ծախսը ոչ ծանրաբեռնված երթևեկության պարագայում ամսական տեղափոխվող 8.190 ուղևորների թվի հետ և գումարելով 5 տոկոս շահույթը՝ ստացվում է 92 դրամ (712.000/8190+5%):
Ստացվում է, որ անգամ բոլոր ցանկալի ներդրումների և ոչ ծանրաբեռնված երթևեկության պարագայում 100 դրամը գերշահույթ է և հետևաբար 100 դրամ ուղեվարձ ունենալու համար ոչ միայն որևիցե սուբսիդավորում անհրաժեշտ չէ, այլև գերշահույթի մի մասով կարելի է սուբսիդավորել թիրախային որոշ խմբերի ուղեվարձը:
Հ.Գ. «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը պատրաստակամ է մասնակցել վերը նշված գնահատականի վերաբերյալ հանրային և բաց քննարկումների: