«Օրենքով գողը» Ռուսաստանից արտաքսվեց իր հայրենիք
Ռուսաստանի իրավապահ մարմինները իրենց երկրից Բելոռուս են արտաքսել «օրենքով» գող Պավել Ալեքսեևիչին, ով քրեական աշխարհում առավել շատ հայտնի է Պաշա Պաշտետ անունով: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով «interfax»-ին:
Ըստ «Փաստինֆո»-ի, հաղորդման մեջ տեղեկացվում է, որ Ալեքսեևիչը ծնունդով Բելոռուսից է, այդ իսկ պատճառով նրան արտաքսել են այդ երկիր այն բանից հետո,երբ նա ազատվել է կալանավայրից, որտեղ հայտնվել էր թմրանյութ պահելու մեղադրանքով: «Օրենքով գողը» փոխանցվել է բելոռուսական իրավապահ մարմիններին:
Ալեքսեևիչը ձերբակալվել էր 2013թ.-ի սկզբին՝ Մերձմոսկվայի ռեստորաններից մեկում կայացած քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ: Խուզարկելիս նրա մոտ հայտնաբերվել էր 1,5 գրամ կոկաին: Այդ փաստով քրեական հեղինակությունը 6 ամիս ժամկետով դատապարտվեց ազատազրկման:
Ալեքսեևիչը «թագադրվել» է Արաբական Միացյալ Էմիրություններում 2012թ.-ի վերջին կայացած գողականների հավաքի ժամանակ, որը կազմակերպել էին այդ հավաքից անմիջապես հետո սպանված Դեդ Հասանի հակառակորդները: Այդ նույն հավաքի ժամանակ բացի Պաշա Պաշտետից, «օրենքով գող» կարգվեցին նաև ևս երեք բելոռուսցիներ՝ Ռուսլան Լեբեդևը (մականունը՝ Լեբեդ) , Ալեքսանդր Մեդվեդևը՝ (մականունը՝ Մեդվեժոնոկ) և Օլեգ Գերասիմովիչը (մականունը՝Մումու): 2013թ.- առաջին երեք ամիսների ընթացքում նրանք բոլորը ձերբակալվել են Ռուսաստանում՝ թմրանյութ պահելու մեղադրանքով: