Գալուստ Սահակյանը խոստովանում է, որ ինքը թարս է աճել և երջանիկ ապրում է սովորական խրճիթում
Այս օրերին free car ակցիային են միացել նաև շոու բիզնեսի ներկայացուցիչները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով հասարակական տրանսպորտի թանկացման դեմ բողոքող այն մարդկանց, ովքեր իրենց անձնական մեքենաներով քաղաքացիներին անճար տեղափոխում են, հորդորեց. «Բա էդ որ փող ունեն, 5000 դոլար մի երգի համար վերցնում են, տասը օրվա երգի փողը թող տան, մի հատ ավտոբուս վերցնեն, հիսուն դրամով շահագործեն»: Այնուամենայնիվ, նա նշեց, որ եթե free car-ը տրադիցիա դառնար, ինքը ուրախ կլիներ, բայց շեշտեց, որ անվճար տեղափոխողներից շատերը փորձում են հերոսանալ՝ «Բա մինչև էսօր ուր էին այդ մարդիկ»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե լարվածություն չկա՞ քաղաքում, «վարունգը թարս չի՞ աճում»։ Ի պատասխան այս հարցի՝ նա ասաց. «Ոչ: Ոչինչ որ վարունգը թարս է աճում, մարդիկ են սկսել թարս աճել: Մեկը ես՝ որ թարս աճած չլինեի, ինչի՞ էի գալիս ձեզ մոտ: Ձեզ նյութ եմ գալիս տալիս, սպասարկում եմ»: Նա լրագրողներին վստահեցրեց, որ ինքը երջանիկ է ապրում, առանց մեքենա, սովորական խրճիթում: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ՀՀԿ-ում թևեր կան, որոնց մի մասը Տարոն Մարգարյանի դեմ է պայքարում, նա նշեց. «ՀՀԿ-ում ուղեղներ կան, նույնիսկ եթե թև չունենան, թևավորված կգնան առաջ: Թևեր չկան մեզանում: Տարոն Մարգարյանը պատշաճ երիտասարդ է, այն, ինչ մամուլում են գրում նրա հետ կապ չունի: Նա լավ ընտանիքում է ծնվել՝ տատով, պապով, իր ամբողջ եղելությունուվ, ու վարկաբեկել Տարոն Մարգարյանին չի կարելի»: Իսկ լրագրողների առաջարկից՝ նստել հասարակական տրանսպորտ, Գալուստ Սահակյանը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ երբեք՝ մանկությունից, երթուղային չի նստել: