Գալուստ Սահակյան. Պետք է ոչ թե սիրաշահել ժողովրդին, այլ՝ սիրել՝ զուսպ, հանգիստ
«Արտագաղթից առավել այսօր տրանսպորտի հարցն է քննարկվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հասարակական տրանսպորտի թանկացման շուրջ տեղի ունեցող ակցիաներին:
Ըստ նրա՝ տրանսպորտը տնտեսական կարևորագույն «մասերից է՝ գծատետերի ոլորտը չէ», և բավական լուրջ «պոտենցիալ ապահովող միջոց է» ՀՀ տնտեսության զարգացումների համար.
«Բնական եմ համարում, որ ինչքան ցածր սակագին լինի, այնքան հաճելի կլինի ժողովրդի, քաղաքացիների համար: Եվրոպայում մոտ 750 դրամ է վճարում քաղաքացին: Եթե ուզում եք մարդկանց աշխատավարձը բարձր լինի, մենք էլ պետք է 1,5 եվրո սարքենք տրանսպորտը: Մեզ մոտ էս բազայի վրա մարդիկ սկսեցին ոչ թե ճշմարտություն խոսել, այլ սիրաշահել: Բայց պետք է ոչ թե սիրաշահել ժողովրդին, այլ՝ պետք է սիրել ժողովրդին՝ զուսպ, հանգիստ ու լուծումներ գտնել»: Երևանում էլ, նրա հավաստմամբ, սոցիալական խմբեր կան, որոնց համար տրանսպորտի գինը չի կարող մատչելի լինել:
Գ. Սահակյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է բողոքի ոչ թե սակագնի դեմ, այլ՝ Կառավարությունը պետք է սոցիալական ծրագրեր իրականացնի, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա ու ոլորտը մի փոքր մանրամասնի:
Այնուամենայնիվ, նրա խոսքով, եթե տրանսպորտի գինը իջնի, «Երևանն առանց տրանսպորտ կմնա»: