Արտաշես Ալեքսանյան. Իսկ ովքե՞ր են այդ ակցիան անում, բանուգործ չունե՞ն, պարա՞պ են մնացել, թե՞ ոնց
Հատված «Ժողովուրդ» օրաթերթին տված դերասան Արտաշես Ալեքսանյանի հարցազրույցից:
– Պարոն Ալեքսանյան, Դուք ինձ զարմացրիք։ Ամբողջ քաղաքը լի է ակտիվիստներով, էլ չեմ ասում, որ Ձեր կոլեգաները բոլորովին անվճար իրենց մեքենաներով ուղեւորներ են տեղափոխում, ու Դուք ասում եք, որ տեղյա՞կ չեք։
– Չգիտեի, իսկ ովքե՞ր են այդ ակցիան անում, բանուգործ չունե՞ն, պարա՞պ են մնացել, թե՞ ոնց։
– Պարապ չեն, ուզում են քաղաքացիներին որեւէ կերպ օգնած լինել։
– Հասկացա, բա մենք ինչի՞ տեղյակ չենք նման բաներից։
– Դա արդեն Ձեր անտարբերության հետեւանքն է։
– Դա իմ զբաղվածության հետեւանքն է, որովհետեւ ես չեմ հասցնում ո՛չ հեռուստացույց նայել, ո՛չ համակարգչով շփվել։
– Իսկ Ձեր շրջապատում չկա՞ն մարդիկ, որոնք երթուղայիններից են օգտվում։
– Բայց ես ո՞ւմ երեսն եմ տեսնում։ Գնում եմ նկարահանումների, դասի, իմ գործերով… Լավ, իսկ ինչի՞ է թանկացել։ Դա որ թանկացավ, հացն էլ կթանկանա։
– Հացն արդեն թանկացել է, դրանի՞ց էլ տեղյակ չէիք։
– Ամիսուկես է՝ շատ խիստ զբաղված եմ, ինձ ոչինչ չի հետաքրքրել, գնացել եմ նկարահանումների, դասի, նոր բան եմ գրում։
– Լավ, իսկ որ կենտրոն եք իջնում, չե՞ք տեսնում ակտիվիստներին, մարդկանց, որոնք բողոքում են։
– Ես քաղաքի հետ ե՞րբ եմ շփվում որ, ես քաղաքից դուրս եմ։
– Որտե՞ղ եք ապրում։
– Աշխարհի ծայրը։
– Եթե չեմ սխալվում, Ձեր դերասանական ստուդիան գտնվում է հենց Հանրապետության հրապարակում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
– Այո՛, բայց ես նոր ճանապարհով եմ գալիս ու նման երեւույթներ չեմ տեսել։ Բացի այդ, երթուղայինի վարորդը, որ բողոքեց, ու իրեն աշխատանքից հանեցին, ո՞վ է նրա ընտանիքը պահելու։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: