Ուրիշ Երևան. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ կատարվում էր երեկ Երևանի կենտրոնում, ցույց է տալիս, որ ուղեվարձի թանկացման դեմ սկսված քաղաքացիական ինքնաբուխ շարժումը մեծ տեմպերով ծավալվելու միտումներ է դրսևորում: Երևանը ապրում է ուրիշ կյանքով:
Ուղեվարձի թանկացման դեմ այս պայքարն արդեն վերածվել է տոնի, որը կամաց-կամաց դառնում է յուրաքանչյուրինը: Ակցիայի մասնակիցների թիվն օր օրի աճում է: Եվ երբեմնի գորշացած ու անտարբեր դարձած Երևանի հետքն անգամ չի երևում:
Դրանում համոզվելու համար ընդամենը պետք է գոնե երեկոյան այցելել Մաշտոցի պողոտա: Այստեղ կտեսնենք այն, ինչ տեսնելու հույս թերևս ոչ ոք չուներ: Կտեսնենք տպավորիչ լիմուզին, որն աշխատում է freecar ռեժիմով ու մարդկանց անվճար տեղափոխում է որևէ երթուղով: Կտեսնենք կվադրոցիկլ, որն ունի ընդամենը մի ուղևորի տեղ, բայց էլի մարդ է տեղափոխում: Կտեսնենք թանկարժեք ջիփեր, որոնց վարորդները մարդկանց կոչ են անում չվճարել 150 դրամ ուղեվարձ և առաջարկում են անվճար տեղափոխել քաղաքի այս կամ այն ծայրամասը…
Իսկ ամենակարևորը՝ կտեսնենք պայծառ ու լուսավոր երիտասարդ դեմքեր, որոնք Անկախ Հայաստանի ծնունդ են և Քաղաքացի»:
Ամբողջական հոդվածը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում: