Հայկ Ալումյանը՝ ՀՀ ոստիկանության կողմից իր դիմումը մերժելու մասին

Ոստիկանությունը մերժել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի դիմումը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում այժմ արդեն մեղադրյալ գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբանը պահանջել էր ծառայողական քննություն նշանակել դեպքի օրը նախկին մարզպետի տանը խուզարկություն անցկացրած ոստիկանների նկատմամբ:

168.am-ի հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, որ ոստիկանությունն իր դիմումը մերժել է՝ պատճառաբանությամբ, թե ոստիկանները գործել են օրենքի սահմաններում: Այնուամենայնիվ, փաստաբանը հույս հայտնեց, որ Գորիսի ոստիկանության գործողությունները կգնահատվեն ըստ արժանվույն.  «Ես հուսով եմ, որ կհասնեմ նրան, որ Գորիսի ոստիականության գործողություները կգնահատվեն հավուր պատշաճի»:

Մեր հարցին՝ ինչո՞վ եք բացատրում ոստիկանության կողմից Ձեր դիմումի մերժումը, փաստաբանը պատասխանեց. «Իրենք պետք է բացատրեին, թե ինչու են մերժում, իրենք այնքան էլ չեն բացատրել, շատ ընդհանուր արտահայտություններով են մերժել, դրա համար չեմ կարող բացատրել այն, ինչ իրենք չեն կարողանում բացատրել»:

Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը դիմել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, քանի որ, ըստ նրա, խուզարկության ժամանակ թույլ են տրվել որոշակի խախտումներ: «Ես գտնում եմ, որ այնտեղ կատարված խուզարկության ժամանակ թույլ են տրվել այնպիսի խախտումներ, որոնք հնարավորություն են տվել ցանկության դեպքում տանը գտնվող զենքերը թաքցնել: Եվ այն զենքերը, որոնք որ այնուամենայնիվ առգրավվել են խուզարկության ընթացքում, Ոստիկանությունը դրանք ձևակերպել է՝ որպես կամովին ներկայացված, ինչը շատ կոպիտ խախտում է: Այսինքն՝ ստացվում է, թե իբր դրանք կամովին են ներկայացվել տանտիրոջ կողմից: Ես նաև նշել եմ, որ չեմ բացառում, որ դա ոչ թե պարզապես պարտականությունները կամ օրենքը վատ իմանալու հետևանք է, այլ ուղղակիորեն նրա՝ կողմի օգտին արված քայլ»,- ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ասել էր Հայկ Ալումյանը:

Տեսանյութեր

Լրահոս