Վլադիմիր Գասպարյանը վերադարձել է արձակուրդից և կոլեգիալ նիստ է հրավիրել
ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը հենց նոր վերադարձել է արձակուրդից եւ ներկա պահին ոստիկանությունում հրավիրել է ՀՀ ոստիկանության կոլեգիալ նիստ: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել է ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը`պատասխանելով ԳԱԼԱ-ի այն հարցին, թե արձակուրդում գտնվող Վ. Գասպարյանը տեղյա՞կ է երեւանյան ակցիաներից եւ արդյոք չի պատրաստվո՞ւմ աշխատանքի գալ:
ՀՀ ոստիկանապետի խորհրդականը հավաստիացրեց նաեւ, որ ՀՀ ոստիկանապետը ոչ թե արձակուրդը կիսատ է թողել ու վերադարձել, այլ նրա արձակուրդը կարճաժամկետ էր եւ արդեն ավարտվել է:
«Նախատեսված ժամկետից շուտ չի վերադարձել, դեռ երկու շաբաթ առաջ մամուլում էլ հրապարակվել էր, որ ինքը կարճաժամկետ արձակուրդ է գնում, որը տեւել է երկու շաբաթ: Ոչ մի արտառոց բան չկա, արտակարգ իրավիճակ չի ստեղծվել»:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե որքանով են իրավաչափ ոստիկանության գործողությունները, երբ ակտիվիստներին բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ, շատ ժամանակ ոստիկանությունը ոչ թե հրավիրում, այլ առեւանգում է ակտիվիստներին՝ նրանց ետեւից գրկելով եւ նստեցնելով մեքենաներ: Հնարավո՞ր է, որ որոշ ոստիկաններ այս գործելաոճի պատճառով հեռացվեն աշխատանքից, ինչպես եղավ ասենք ապրիլի 9-ի դեպքերից հետո, երբ աշխատանքից հեռացվեց անգամ Երեւանի ոստիկանապետը, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Ն. Մալյանը պատասխանել է.
«Պատասխանելով ձեր հարցին՝ ասեմ, որ դա ապրիլի 9-ին կլինի, 10-ին կլինի, 11-ին, թե հուլիսի 20-ին, թե երբ, կապ չունի…. Օրացույցային ցանկացած օր, ցանկացած ոստիկան, ով անհամապատասխանություն կցուցաբերի իր զբաղեցրած պաշտոնին, կապ չունի՝ երբ կլինի, չպետք է կապել որեւէ իրադարձության հետ, ոստիկանապետի մոտեցումը նման ոստիկաններին միանշանակ է լինելու, կրկնում եմ՝ օրացույցային ցանկացած օր: Այնպես որ, հատուկ օրեր չկան, մենք աչք չենք փակում ոստիկանի արարքի վրա: Եթե կլինի որեւիցե դեպք, որտեղ ոստիկանը դուրս կգա իր լիազորությունների սահմաններից, օրենք կխախտի բնականաբար պատիժը մեկ վայրկյան չի ուշանա: Ցանկացած օր, եթե լինում է դեպք, որ նշված նշաձողին մարդիկ չեն հասնում, ադեկվատ պատասխանի են արժանանում»: