«Վճարում ենք 100 դրամ». Պահանջներ
Մենք` ՀՀ քաղաքացիներս, Երևանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության ու սահմանադրականության սկզբունքները և, առաջնորդվելով բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով, հայտարարում ենք:
Մենք չենք ընդունում քաղաքապետարանի հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու քաղաքապետի հակասոցիալական որոշմումը: Այս որոշումով խախտվում է ՀՀ սահմանադրության առաջին հոդվածը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Այն նպաստում է սոցիալական անարդարության խորացմանը:
Այս որոշումով Երևանի քաղաքապետարանը նաև խախտել է իր իսկ որդեգրած հանրային մասնակցության և բնակիչներին որոշումների կայացմանը մասնակից դարձնելու սկզբունքը: Հանրային քննարկումներ չեն արվել, տեղեկատվությունը տարածվել է որոշման ուժի մեջ մտնելուց երկու օր առաջ: Բացի այդ չեն ներգրավվել բոլոր շահագրգիռ կողմերը` վարորդներ, ուղևորներ, խոցելի սոցիալական խմբեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և գործորդներ: Քանի որ այս որոշումը կայացվել է առանց շահագրգիռ կողմերի և հանրության իրական մասնակցության, մենք չենք վստահում ուղեվարձի գնի բարձրացման հաշվարկներին և համարում ենք, որ քաղաքապետարանը գերադասել է մասնավոր շահը հանրային շահից ` ըստ այդմ չիրականացնելով հանրային շահին ծառայելուն ուղղված իր ամենահիմնական գործառույթը:
Մենք մեր բոլոր գործողություններով նպատակ ունենք բարելավել Երևան քաղաքի հանրային ուղևորափոխադրումների ոլորտը. այն դարձնել արժանապատիվ, մատչելի, որակյալ, անվտանգ, քաղաքակիրթ թե ուղևորների, թե ծառայություններ մատուցողների համար (վարորդներ, դիսպետչերներ և այլն):
Այս իրավիճակում մեր առաջնահերթ ու անհապաղ պահանջն է անվավեր ճանաչել քաղաքապետի որոշումը և ուղեվարձի գինը թողնել 100 դրամ:
Մեր երկարաժամկետ համակարգային պահանջները հետևյալն են.
• Հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային այս սեփականությունը համայնքին ` Երևանի քաղաքապետարանի կառավարման ներքո:
• Մինչև ապասեփականաշնորհման այս գործընթացը սկսելը, պահանջում ենք, որ քաղաքապետարանը իր համապատասխան վերահսկողական ու տեսչական մարմինների կողմից սահմանի խիստ հսկողություն հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերությունների նկատմամբ, պահանջելով, որ նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ , անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովվի վարորդների և մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները:
• Պահանջում ենք հրապարակել հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ցուցակը, վերջին հինգ տարիների համար ներկայացնել կատարված ծախսերը, եկամուտները, ֆինանսական հոսքերը, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուց հետո ընթացիկ և երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները:
• Պահանջում ենք, որ սրանից հետո քաղաքապետարանը նման որոշումներ ընդունելոց առաջ ապահովվի հանրության և բոլոր շահագրգիռ կողմերի իրական ու արդյունավետ մասնակցությունը որոշումների ընդունման գործընթացում:
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնություն