Չարենցի փողոցում Mercedes-ով մահվան ելքով վրաերթի հեղինակը հայտնաբերվել է. նա ճանապարհային ոստիկանության սպա է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օրի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ` հուլիսի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում Երևանի Չարենցի փողոցի 9-րդ շենքի դիմաց՝ Mercedes մակնիշի 38 ՕՏ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու համար:
Ինչպես ավելի վաղ վրաերթի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, իսկ վրաերթի ենթարկվածին՝ անօգնական, հեռացել էր: Նույն օրը ոստիկանությունը պարզել է, որ վրաերթի ենթարկված Նորք Մարաշ 1-ին փողոցի բնակիչ, 71-ամյա Արտուշ Գասպարյանը տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել էր:
Պարզվել էր, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ, 36-ամյա Կարեն Մելքոնյանը, ով երկու ժամ հետո գալով վրաերթի վայր՝ հայտնել է, որ ինքը փախուստի չի դիմել, ուղղակի, երբ նկատել է, որ ֆոտոլրագրողը նկարահանում է դեպքի վայրը, հեռացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Կ. Մելքոնյանը վերջերս է ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի 7-րդ դասակի տեսուչի պաշտոնից ու ուղարկվել կադրերի ռեզերվ: Նա կոչումով ոստիկանության ավագ լեյտենանտ է:
Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նախապատրաստած նյութերը փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն: