Մահմուդ Աբբասը խոստացել է Իսրայելի հետ բանակցությունների հնարավոր արդյունքները դնել հանրաքվեի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի հետ խաղաղության բանակցությունների վերսկսման հարցը որոշվելու է առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը:
Վերջինիս խոսքերով՝ եթե տվյալ բանակցությունների արդյունքներով ձեռք բերվի որևէ համաձայնագիր, ապա դա կդրվի համաժողովրդական հանրաքվեի: Աբբասը հիշեցրել է, որ պաղեստինցիները նախորդ տարի հասել են դիտորդ-երկրի իրավունքով ՄԱԿ-ին անդամակցելուն:
Պաղեստինա-իսրայելական հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օրեր առաջ հայտարարել է, որ հակամարտող կողմերը համաձայնվել են եռամյա ընդմիջումից հետո վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին նույնպես հայտարարել է, որ եթե պաղեստինյան կողմի հետ բանակցությունների արդյունքներով ձեռք բերվի համաձայնություն, ապա այն կդրվի համաժողովրդական հանրաքվեի: