Ակտիվիստները դեռևս ոստիկանության բաժանմունքում են
Ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում են գտնվում «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային մասնակից ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս և Արեգ Գևորգյանները և ևս 4 ակտիվիստներ` Դավիթ Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը, Գուրգեն Ասատրյանը և Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող): Նրանց ազատ արձակելու պահանջով ոստիկանության բաժնի մոտ են հավաքվել ակտիվիստները, «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը, հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
168.am-ի հետ զրույցում Պետրոս Ղազարյանն ասաց, թե իր համար պարզ է` ինչու են երիտասարդներին ոստիկանություն բերել. «Տարել են, որ էդ երեխեքին վախացնեն, որ մեզ էլ շեղեն: Գիտեին, որ գալու ենք այստեղ, դրա համար էլ հիմա չենք քշում մեքենաները: Սա ծիծաղելի պատճառ է, որ ասում են, թե անդորրը խանգարել են ու բերել ենք ոստիկանություն: Վարորդներին 12 ժամ շահագործում են, անմարդկային պայմաններ են ստեղծում, քամում են եկամուտները ու մի օր չմտածեցին, որ էդ անդորրը խանգարում է: Հիմա պարզվեց, որ խանգարում ա»: