Բաժիններ՝

«Հայտեր ենք ստացել, որոնք մերժման փուլում են». Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը՝ միջմարզային երթուղիների սակագների մասին

Օրեր առաջ ՀՀ տրանսպարտի և կապի նախարարությունը հայտարարեց, որ նախարարության կողմից ձևավորված հանձնաժողովն ըստ երթուղիների առանձին-առանձին ուսումնասիրում է ուղեվարձի վրա գազի թանկացման ազդեցությունը: «Արդեն իսկ պարզ է, որ կլինեն երթուղիներ, որտեղ ուղեվարձի փոփոխություն չի լինի»,- ասված էր նախարարության հաղորդագրության մեջ: 168.am-ը  տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանից հետաքրքրվեց՝ արդյոք հանձնաժողովն ավարտե՞լ է իր աշխատանքն ու ինչ որոշում է կայացրել:

«Նոր գին չկա. Բոլորը, ինչ-որ կար, նույն կերպ մնացել են»,- ասաց Դավիթ Մելքոնյանը: Մեր հարցին՝ գազի սակագնի թանկացման հետ կապված միջպետական և միջմարզային երթուղիների փոխադրավարձի փոփոխություն կլինի՞, Դավիթ Մելքոնյանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ որևէ մեկը չի թանկացել: Մենք հայտեր ենք ստացել, որոնք մերժման փուլում են»: Դավիթ Մելքոնյանն ասաց, որ նոր հայտեր չունեն: Նրա խոսքով՝ հայտերից մեկը կապված էր Շղարշիկ-Երևան երթուղու հետ. այն առաջարկվում է 500 դրամից թանկացնել և բարձրացնել մինչև 700 դրամ: «Հայտը հիմնավորված չէ, և դա մերժվում է»: Ըստ նախարարության հաղորդագրության՝ 158 միկրոավտոբուսային և 74 ավտոբուսային երթուղիներ գտնվում են տրանսպորտի և կապի նախարարության իրավասության տակ:

Նշենք նաև, որ Աբովյան-Երևան ավոտբուսի սակագինն այժմ 200 դրամ է. քաղաքի ներսում վճարում են 100 դրամ: Գյումրի-Երևան տաքսիների համար բնակիչները վճարում են 2500 դրամ, երեկոյան՝ 3000 դրամ: Երթուղային տաքսիներով Երևան հասնելու համար վճարում են 1500 դրամ. հնարավոր է Երևան հասնել նաև գնացքով. տոմսի արժեքը 1000 դրամ է: Արմավիրի մարզի Հայկաշեն, Ջրառատ, Գայ գյուղերից Երևանի ավտոկայան հասնելու առաջ նախկինում բնակիչները վճարում էին 350 դրամ: Բնակիչների խոսքով, օրեր առաջ սակագինը բարձրացել է, և նրանք վճարում են 400 դրամ: Նշենք, որ այս գումարով բնակիչները կարող են հասնել մինչև ավտոկայան. այնտեղից այլ վայր հասնելու համար նրանք պետք է ևս մեկ անգամ վճարեն՝ օգտվելով Երևանի տրանսպորտից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս