
Ակունք գյուղը սակավահող է և շատ հաճախ չի մշակվում

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղը գտնվում է Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից 2 կմ դեպի հարավ, մարզկենտրոնից 86 կմ հեռավորությամբ, ծովի մակարդակից 1991 մետր բարձրության վրա: Համայնքն ունի 4616 բնակիչ: Մարզպետարանի պաշտոնական կայքէջում Ակունք գյուղի մասին զետեղված տեղեկատվության համաձայն՝ Ակունքը սակավահող համայնք է. սեփականաշնորհված վարելահողերի մեկ հողաբաժինը կազմում է ընդամենը 0.52 հա` բաժանված 3 գոտիների:
Ամբողջ վարելահողերը գտնվում են բարձրադիր, անջրդի, մեծ թեքությունների վրա` լեռների լանջերին` դժվարացնելով և հաճախ էլ անհնար դարձնելով մշակությունը: Համայնքի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ` աճեցնելով հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր: Սակայն սակավահողության պատճառով կա զբաղվածության լուրջ խնդիր: Համայնքն ունի մեծ ներուժ ինչպես՝ բարձրագույն կրթությամբ մասնագետների, այնպես էլ՝ տարբեր բնագավառներում աշխատուժի: Եվ աշխատատեղերի բացակայությունը ստեղծում է սոցիալական մի շարք դժվարություններ:
Գյուղում կա կաթի վերամշակման արտադրություն, որը անասնապահությամբ զբաղվողներին հնարավորություն է տալիս կաթնամթերք վաճառել և որոշակի կենցաղային խնդիրներ լուծել:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ակունքը բարեկարգ գյուղ է, գազիֆիկացված, ապահովված խմելու և ոռոգման ջրով: Ունի միջնակարգ դպրոց` հիմնանորոգված և ջեռուցվող, համակարգչային նոր տեխնոլոգիաներով հարուստ դասասենյակ: Համայնքն ունի մշակույթի տուն, գրադարան, գործող մանկապարտեզ, առողջության առաջնային պահպանման կենտրոն:
Ա.Արզումանյան