Բաժիններ՝

Դոլարի նկատմամբ պահանջարկն ավելացել է

ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքն անցած շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում բարձրացել է 0.21%-ով՝ կազմելով 410.41 դրամ: Շաբաթվա ընթացքում առուվաճառքի ծավալները կազմել են 12.92 մլն դոլար, ինչը 46.15%-ով ավելի է նախորդ շաբաթվա ծավալից:

Միաժամանակ, ԱՄՆ դոլարի կանխիկ վաճառքի միջին փոխարժքը նվազել է 0.04%-ով և շաբաթ՝ հուլիսի 20-ին, կազմել 411.33 դրամ: Ինչպես 168.am-ին պարզաբանեց FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը, փոխարժեքների դինամիկայի նման անհամապատասխանությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ արժութային շուկայում առևտրային հնգօրյակի վերջին օրը դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել, այն դեպքում, երբ արտաբորսայական շուկան արձագանքել է ուժերի վերադասավորությանը:

Բացի դրանից հայկական դրամի գրավչությունը բարձրացել է նաև միջազգային արժութային շուկայում ԱՄՆ դոլարի ոչ այնքան կայուն դիրքի պատճառով:

Ըստ վերլուծաբանի՝ այս շաբաթ ԱՄՆ դոլարի փոխարժեքն, ամենայն հավանակությամբ, կշարունակի կոնսոլիդացվել, իսկ միջազգային շուկայում դոլարի՝ իր մրցակիցների հանդեպ ոչ կայուն դիրքերի պահպանման արդյունքում դոլարը չի կարողանա շատ բարձրանալ: Ամեն դեպքում, դոլարի աճին որոշ չափով կարող է նպաստել բնակչության և բիզնեսի կողմից պահանջարկի ավելացումը: ԿԲ տվյալներով՝ անցած շաբաթ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի վաճառքի ծավալներն ավելացել են 3 անգամ և կազմել 12.615 մլն դոլար:

«Մեր գնահատականներով՝ Հայաստանում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այս շաբաթ, հավանաբար, կգտնվի 409-414 դրամ միջակայքում»,- ասաց Մ.Վերդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս