Բագրատ Ասատրյան. Հայաստանը հայկական «շուստրիություն» է անում
«ՀՀ-ն իր չափերով ու հնարավորություններով այնպիսի երկիր չէ, որը կարողանա մեծ որոշումներ կայացնել: Նման պարագայում Հայաստանի պես երկիրը, որն ունի առաջին հերթին անվտանգության խնդիր, չի կարող առաջնորդվել «կամ-կամ»-ով»,- Հայաստանի արտաքին ուղղվածությանն անդրադառնալով՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը: Նրա գնահատմամբ` Հայաստանը չափազանց «զգույշ» կարող է առաջնորդվել «և-և» սկզբունքով` հաշվի առնելով պետության անվտանգության շահերը: Այնուամենայնիվ նա ընդգծեց. «Մենք չենք կարող ցցուն ասել գնում ենք Եվրոպա, գնում ենք Եվրասիական միություն: Նման բան իրավունք չունենք անելու: Տնտեսապես մեզ ո՞րն է ձեռնտու: Այսօրվա ունեցած արտադրական կուլտուրայով մենք ավելի շատ Եվրասիական կողմի վրա ենք գտնվում»:
Ասուլիսի մյուս բանախոս ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հակադարձեց՝ ասելով. «Ո՞նց: Ես կտրականապես դեմ եմ… վերցրեք ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքն ու կտեսնեք, որ 60 տոկոսով Եվրոպան է: Ինչքան վատ ենք արտադրում, ինչ ենք արտադրում, դա մեր խնդիրն է, պետք է լուծենք: Ինչ որ լինի՝ սա է մեր իրողությունը»:
Վարդան Բոստանջյան, սակայն, չհամաձայնեց` նշելով, թե Հայաստանի Հանրապետությունում ստեղծված որևէ ապրանքի, ՀՀ մատուցած ծառայությունների վրա «Եվրոպան չի էլ նայում»: Ըստ Բոստանջյանի` ինքը ոչ թե դեմ է եվրոպական արժեքներին, այլ կարծում է, որ «մխրճվել էս ձևի եվրոպական տիրույթ, չենք կարող»:
168.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չենք կարող «մխրճվել», ի պատասխան նա նշեց. «Ժամանակ է պետք դրա համար: Մենք պետք է արտադրական մշակույթ ունենաք: Տնտեսական ոլորտում մեր գործունեությունը չի շահագրգռում նրանց: Ես չեմ ասում չմտնենք ցիվիլ հարաբերությունների ոլորտ: Իհարկե, պետք է մտնենք: Բայց на первых порах՝ մենք այլընտրանք չունենք»:
Իսկ Բագրատ Ասատրյանի հավաստմամբ, ՀՀ-ն հեթական անգամ իրողությունների մասին պարզ չի խոսում ու հայկական «շուստրիություն» է անում` ուղղվում է դեպի Եվրոպա, բայց Ռուսաստանին ասում է, թե գնում է ՌԴ կամ հակառակը:
«Այսօրվա իշխանությունը՝ բացի սեփական վերարտադրությունից, այլ խնդիր չունի լուծելու: Դրա համար էլ մի օր գնում ենք Ռուսաստան, մի օր Եվրոպա… ես էլ չեմ հասկանում»,- ասաց Բագրատ Ասատյանը: «Ձեզ էլ թվում է՝ Եվրոպայում նստած մեր մասին են մտածում, հա՞»,- հակադարձեց ԲՀԿ-ական տնտեսագետը: