Բաժիններ՝

Վալերի-Աշխեն Գործունյան. «Պետք է կարողանանք ինքներս մեզ քննադատել, որպեսզի առաջ գնանք»

«Գիտեք՝ մեր հասարակության ցավն այն է, որ այլևս չի կարծում, որ կարող է որևէ բան փոխվել, այդ պատճառով էլ քիչ են նրանք, ովքեր բողոքում են: Բայց ես, ամեն օր հետևելով Հայաստանի կյանքին, գտնում եմ, որ բողոքի ակցիաներն այսօր ավելի շատ են, քան առաջ: Ամեն օր մի բողոք կա, ու սա շատ լավ է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ ասաց ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

Վերջինս, անդրադառնալով տրանսպորտի գնի բարձրացմանն, ասաց, որ թանկացումների մասին ընտրություններից առաջ արդեն խոսում էին, և ժողովուրդը գիտեր, որ դա պետք է լինի. «Պետությունը կատարեց թանկացումները: Ինչքան այս պետությունն անպատիժ մնա, ինչքան օլիգարխիան Հայաստանում լինի, մեր իրականությունը սա պետք է լինի: Պետք է մեղավորները պատժվեն, պետք է այդ ուժայինները հասկանան, որ ժողովուրդն է տալիս իրենց աշխատավարձերը, ու, եթե օրերից մի օր բոլորը գնան Հայաստանից, ո՞վ պիտի վճարի իրենց: Իրենք ժողովրդին չեն պաշտպանում, ու սա արդեն բռնապետության սկիզբն է»:

Վալերի Գործունյանի կարծիքով՝ հայերը պատմական ճգնաժամի մեջ են ու չեն հասկանում, «որ, եթե մի քիչ էլ ուշանան, հայրենիք կկործանեն»:

«Մեղավորները հայերն են՝ դրսի ու ներսի հայերը: Պետք է անպայման մասնակցել պայքարին, ու պետք է կարողանանք ինքներս մեզ քննադատել, որպեսզի առաջ գնանք»,- հավելեց ֆրանսահայ գործարարը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս