
ՀՀ ոստիկանություն. Ակտիվիստները ոչ թե բերման են ենթարկվել, այլ նրանց «բաժին են բերել»

Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ևս երկու ակտիվիստի տարել են ոստիկանության բաժին. «Վահագն Մինասյանին և Տարոն Հարությունյանին հենց նոր առանց հիմնավորման տարել են ոստիկանություն։ Ժողովուրդ ջան, պիտի խմբերով իջնենք քաղաք, ամեն մի ձերբակալվածին երկու նորը պիտի փոխարինեն»:
168.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ ակտիվիստներին ոստիկանություն են բերման ենթարկել: Ի պատասխան նա նախ շեշտեց, որ երիտասարդներին ոչ թե բերման են ենթարկել, այլ նրանց բաժին են «բերել», ապա հայտնեց. «Երեք հոգի էին, որոնցից մեկն՝ անչափահաս: Նրանք բաժին են բերվել, վարչական բերում է իրականացվել; Անչափահասը գնացել է, իսկ երկուսի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն: Քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ ներկանյութով ներկում են, այդ կապակցությամբ էլ նրանց բերել են ոստիկանություն»: