Չկայացած հայ «կին-ահաբեկիչը» դատապարտվեց պայմանական

Հրազդան քաղաքի բնակիչ Սյուզան Ջաղինյանն, ըստ նրան առաջադրված մեղադրանքի, 2012թ. սեպտեմբերի 22-ին, ժամը 19.07-ին իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարից հաղորդագրություն է ուղարկել «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային բջջային հեռախոսահամարին և տվել նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում: Այս մասին հաղորդում է Pastinfo.am կայքը:

«Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում, մանրամասների համար հրավիրում եմ Ձեզ ներկա գտնվել ու ես կհանձնվեմ Ձեր հեռուստաընկերությանը»,- ըստ գործի նյութերի, նշել է «ահաբեկիչը»՝ նման եղանակով ցանկանալով բարձրաձայնել իրեն հուզող և չլուծված մի շարք խնդիրների մասին և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել իր վրա:

Արդյունքում հարկ է եղել իրականացնել որոշակի կազմակերպչական աշխատանքներ հնարավոր վտանգավոր հետևանքները կանխելու ուղղությամբ, այն է՝ 23.09.2012թ.-ին դեպքի վայր հանդիսացող շենքի զննության ժամանակ ՀՀ Ոստիկանության ՊՊԳՎ հատուկ մասնագիտացված պահպանության վարչության աշխատակիցների կողմից օգտագործվել են ծառայական հետախույզ շներ՝ զենք-զինամթերք և պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով, սակայն զննության ընթացքում նման իրեր չեն հայտնաբերվել, այսինքն՝ Սյուզան Ջաղինյանի կողմից նախապատրաստվող ահաբեկչության մասին տրված հաղորդումը սուտ է եղել:

ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով՝ Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը, առաջադրված մեղադրանքում, դատաքննությամբ ամբաստանյալ Սյուզան Ջաղինյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց:

Ըստ դատարանում հրապարակված ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների, 1990թ.-ին Երևանի պետական մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո գործուղվել է Հրազդան քաղաք՝ տեղի դպրոցներից մեկում աշխատել որպես ուսուցչուհի, բնակվել է Հրազդան քաղաքի բնակարանում, որն իրեն հատկացվել է որպես հանրակացարան, իսկ արդեն 1994թ.-ին, հանրակացարանների սեփականաշնորհման գործընթացի ժամանակ, դիմել է Հրազդանի քաղաքապետարան նշված բնակարանն իրեն սեփականաշնորհելու համար, սակայն իրեն մերժել են և շարունակաբար այդ հարցը մնացել է չլուծված:

Պատկան մարմինների ուշադրությունն իրեն հուզող մի շարք կենցաղային բնույթի հարցերի վրա հրավիրելու նպատակով էլ նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել է սուտ հաղորդում: Մասնավորապես, 2012թ. սեպտեմբերի 22-ին, երեկոյան, կարճ հաղորդագրություն է ուղարկել «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային բջջային հեռախոսահամարին այն մասին, որ պատրաստվում է հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում, մանրամասների համար հրավիրում է նրանց ներկա գտնվել ու ինքը կհանձնվի նշված հեռուստաընկերությանը:

Դրանից հետո, քանի որ տանը հոսանքն անջատված է և հնարավորություն չունի գիշերը հեռախոսը դնելու լիցքավորման, այդ իսկ պատճառով անջատել է հեռախոսը և միացրել է միայն սեպտեմբերի 23-ին, ժամը 05-ի սահմաններում: Միացնելուց հետո իրեն 2 անգամ զանգահարել են նշված հեռուստածրագրի կոնտակտային համարներից: Ինքը զանգերին չի պատասխանել, իսկ հետո կրկին կարճ հաղորդագրություն է ուղարկել հեռուստածրագրի նույն կոնտակտային բջջային հեռախոսահամարին` հայտնելով իր տվյալները և գտնվելու վայրը:

Նախաքննական ցուցմունքում ամբաստանյալ Ջաղինյանը հայտնել է, որ ինքը երբևէ շենք պայթեցնելու նպատակ կամ մտադրություն չի ունեցել, պայթուցիկ նյութեր չի ունեցել: Ուղղակի իր կողմից նման բովանդակությամբ սուտ հաղորդագրություն ուղարկելը նպատակ ուներ լուծում գտնել իրեն հուզող մի շարք հարցերին լուծում: Ըստ նախաքննական ցուցմունքների, բազմաթիվ անգամ դիմումներ է ներկայացրել ոստիկանություն և քաղաքապետարան, սակայն դիմումներին տվել են իր կարծիքով ոչ լիարժեք պատասխաններ, ուստի ցանկացել է նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու եղանակով բարձրաձայնել իրեն հուզող հարցերը, որպեսզի իշխանավորները սթափվեն և վերջապես լուծում տան դրանց:

Դատարանում, նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո, ի պատասխան իրեն տրված հարցերին ամբաստանյալը պատասխանել է, որ մինչ իր կողմից «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին հաղորդագրություն ուղարկելը, գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ է ուղարկել նաև ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության աշխատակից ոմն Պողոսյանի հեռախոսահամարին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Հրազդանի բաժնի աշխատակից ոմն Սարգիսի հեռախոսահամարին, սակայն վերջիններիս կողմից որևէ արձագանք չի եղել:

Ի պատասխան դատարանի կողմից տրված հարցին` ամբաստանյալը պատասխանել է, որ հենց ահաբեկելու եղանակով է, որ ցանկացել է լուծում տալ իր խնդիրներին:

Բացի ամբաստանյալ Սյուզան Ջաղինյանի դատարանում հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքներից, վերջինիս առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է նաև դատարանում հետազոտված այլ ապացույցներով:

Մասնավորապես, «Ա-Թի-ՎԻ» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» ծրագրի ղեկավար, վկա Հրաչյա Մուրադյանի դատաքննական ցուցմունքի համաձայն, hիշյալ հաղորդագրությունը ստանալու օրը, երեկոյան ժամը 06-ից հետո, իր աշխատակիցներից զանգահարել են իրեն և հայտնել, որ ստացել են հաղորդագրություն մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Տեղադրել եմ ռումբ Հրազդան քաղաքում գտնվող 14 հարկանի շենքում, հրավիրում եմ Ձեզ ներկա գտնվել միջոցառմանը», նշված է եղել տեղը և ժամը: Քանի որ հաղորդագրության բովանդակությունն իրենց համար եղել է արտառոց, ուստի նշվածի մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին:

Ի պատասխան դատարանում իրեն տրված հարցերին` վկան հայտնել է, որ հստակ չի հիշում, թե հաղորդագրության մեջ նշված է եղել ռումբ եմ տեղադրել, թե պատրաստվում եմ տեղադրել, սակայն իմաստը եղել է դա:

Նույն ծրագրի լրագրող, վկա Օֆելյա Աստվածատրյանի դատաքննական ցուցմունքով, երեկոյան վերադառնալով տուն` ստուգել է բջջային հեռախոսներին ստացված հաղորդագրությունները, որոնցից մեկում կարդացել է մի հաղորդագրություն, որում գրված է եղել. «Ես` Ս.Ջաղինյանս, պատրաստվում եմ պայթեցնել 14 հարկանի շենք Հրազդան քաղաքում, հրավիրում եմ Ձեզ ներկա գտնվել, որից հետո կհանձնվեմ Ձեր հեռուստաընկերությանը», այն կարդալուց հետո անհանգստացել ու այդ մասին տեղեկացրել է իրենց հաղորդման ղեկավար Հրաչ Մուրադյանին, որն էլ իր հերթին այդ մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին: Առաջին հաղորդագրությունից հետո ամբաստանյալը ևս մի քանի հաղորդագրություններ է ուղարկել, որտեղ նա նշել է իր բնակության վայրը, պարզաբանել, թե որտեղ է շենքը գտնվում և այլն:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մ. Մակյանի նախագահությամբ, հուլիսի 9-ի դատավճռով Սյուզան Ջաղինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել 40-օրյա պայմանական կալանքի՝ 1 տարվա փորձաշրջանով:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ Հրազդան քաղաքի «Կենտրոն Ա-1» համատիրության նախագահ Թ.Բագրատյանի կողմից տրված բնութագրով Սյուզան Ջաղինյանը թաղամասում իրեն դրսևորել է որպես դրական և կարգապահ անձնավորություն, նրա վերաբերյալ համատիրություն երբևէ բողոք-գանգատներ չեն ստացվել, նրա կողմից որևէ հակահասարակական արարք չի նկատվել:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս