Բաժիններ՝

Արմավիրի մարզկենտրոնն աղբակույտի մեջ թաղված է

Առավել տարեց արմավիրցիները հավաստիացնում են, որ ժամանակին Արմավիրը դարձրեցին մարզկենտրոն, որպեսզի քաղաքը մի քիչ տեսքի գար, որոշակի ուշադրություն դարձվեր ու աղբահանությունը նորմալ կերպով իրականացվեր:

Թեպետ անցել է բավական երկար ժամանակ, ինչ Արմավիրը մարզկենտրոն է դարձել, բայց դժվար է գտնել որևէ այլ քաղաք, որ այդքան կեղտոտ ու «հոտավետ» կլինի: Յուրաքանչյուր փողոցի անկյունում՝ շաբաթներով չհավաքված աղբ, անտանելի բուրմունք, տաք եղանակին՝ մոծակներ, ու չի բացառվում նաև վարակների տարածումը: Թեպետ վերջինիս առումով որևէ հետազոտություն արված չէ, սակայն բնակիչները համոզված են, որ մի օր քաղաքի կեղտից ու հոտից մարզկենտրոնում խոլերա հիվանդություն էլ կտարածվի:

«Սա շնո՞րհք է, սա ապրելու ձև՞ է, մենք էլ պետք է ասենք, որ քաղաքո՞ւմ ենք ապրում»,- քաղաքի աղբակույտերն է ցույց տալիս արմավիրցի Ներսեսն ու ավելացնում, որ հատկապես ամռան տապին անհնար է քաղաքում ապրելը: «Հոտից չգիտես ի՞նչ անել»,- ասում է նա:

Թեպետ թե՛ քաղաքային իշխանությունները, թե՛ ավագանին, թե՛ քաղաքացիները բազմիցս բարձրացրել են հարցը, այնուամենայնիվ, քաղաքում մաքրության առումով փոփոխություն չկա: Քիչ թե շատ մաքուր է միայն քաղաքի կենտրոնական՝ Հանրապետության փողոցը: Ծայրամասերում տպավորությունն այնպիսին է, որ 2-3 շաբաթը մեկ մաքրեն թե ոչ:

Կարդացեք նաև

Արմավիրի աղբահանության պատասխանատուն «Բարեկարգում» ՍՊԸ-ն է: Մեր այցելության ժամանակ ղեկավար Արտակ Ավագյանը տեղում չէր, գործավարուհին սկզբում ասաց, թե չգիտի՝ ո՞ւր է գնացել Ավագյանը, հետո հստակեցրեց. «Ուշ կգա, մի սպասեք»: Մեր խնդրանքը՝  տրամադրել բջջային հեռախոսի համարը, կամ զանգահարել տնօրենին ու տեղեկացնել, որ իրեն լրագրող է սպասում՝ մերժվեց.  «Ես նման բան անելու իրավունք չունեմ»:

168.am-ն այդպես էլ չկարողացավ պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված «Բարեկարգում» ՍՊԸ  անգործությունը: Դրա փոխարեն՝ քաղաքում գտանք ընկերության 2 անսարք մեքենաներ, որոնք, բնակիչների հավաստմամբ, արդեն մի քանի շաբաթ փողոցում պարզապես կանգնած են:

Արմավիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս