Բաժիններ՝

Մի «Արտֆուդը» քչություն չի՞անում

Արարատի մարզում ընդամենը մեկ գյուղմթերքի վերամշակման գործարան կա, կարելի է ասել՝ «մոնոպոլ» կարգավիճակով, քանի որ, ասենք, Մասիսի «Ալիշան» փոքր արտադրամասի դռները տարիներով փակ են՝  անգամ բերքի ամենաթեժ ամիսներին: Եվ քանի որ ՀՀ գյուղնախարարությունը քաղաքականություն մշակող հիմնարկ է և անընդհատ հիշեցնում է, որ «ազատ շուկա է և իրավունք չունի մասնավորի հարցերին խառնվելու», փորձեցինք հարցը ճշտել Արարատի մարզպետարանից: Զարմանալի զուգադիպությամբ՝ մարզպետ Էդիկ Բարսեղյանի հեռախոսը կրկին օգնական Արմենի ձեռքին էր, և օգնականը խնդրեց հարցով դիմել հասարակայնության բաժին: Բաժնի պետ Գոհար Խաչատրյանի անհանգիստ հարցին, թե՝ «Ինչի խնդիր կա՞», պատասխանենք, որ, իհա՛րկե կա, Մասիսի գյուղերից մինչև Արտաշատ՝ տրանսպորտային ծախսը մեծանում է, այն դեպքում, երբ գյուղացու ապրանքի կիլոգրամը տատանվում է 20 դրամից (լոլիկ) 40 դրամի (ծիրան) սահմանում: Բացի այս, ծիրանի դեպքում այսքան դժգոհություն չէր լինի, եթե մթերող գործարանը միակը չլիներ: Ե՛վ գնի, և՛ քանակի առումով:

Իսկ Մասիսի պահածոների հսկա գործարանը 1993 թվականին մի քանի վաուչերով գնել էր սփյուռքահայ պարոն Բուզանդը (ահա այն ամենը, ինչ հայտնի է նրա մասին), մի մեծ կողպեք կախել ու հեռացել: Սա էլ իր սեփականությունն է:

ՀՀ Գյուղնախարարության հասարակայնության բաժնի պետ Վարդուհի Սիմոնյանն այն հարցին, թե մեկ գործարանը քիչ չէ՞ գյուղատնտեսական մարզի համար, այսպես արձագանքեց. «Նախարարությունն այդ հարցերով՝ մասնավորի հարցերով, չի զբաղվում: Ուղղակի, սեզոնային աշխատանքի հետ կապված՝ շփվում է, գյուղացիների շահերն է պաշտպանում: Սա բոլորովին չի նշանակում՝ խառնվել մասնավոր բիզնեսին, քանի որ ազատ շուկայական հարաբերություններ են: Որևէ պաշտոնյա իրավունք չունի մեկնաբանելու, ազատ շուկա է»: Մամուլի պատասխանատուն աքսիոմատիկ, անվիճարկելի  ճշմարտություն է ասում: Պարզապես «Արտֆուդ» գործարանի պարագայում մասնավորն ու պետականը սերտաճած են, քանի որ, հոգնեցինք ասելով՝ «Արտֆուդի»  50 տոկոսի սեփականատերը հենց ոլորտի պետական պատասխանատուն է՝ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը, իսկ մյուս 50 տոկոսի սեփականատերը՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը (նրա որդին):

Արարատ

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս