Աշոտ Մանուչարյան. Մենք շարունակում ենք սրընթաց կերպով գահավիժել
«Մենք սրընթաց կերպով շարունակում ենք գահավիժել»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` խոսելով Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների մասին:
Իրավիճակը պատկերավոր ներկայացնելով՝ նա նշեց, որ մարդկային կյանքի ամբողջականությունը նման է վազող մարդու, ով մի ոտքով իրեն հրում է գետնից, սլանում է վեր, հետո իջնում է ներքև և մյուս ոտքով դիպչելով գետնին` կրկին սլանում է վեր:
«Այսինքն` հիմա մենք գահավիժում ենք, բայց մեր ոտքը կպչելու է գետնին, և հետո կսլանանք վերև: Եկեղեցին այս երևույթը ձևակերպում է այսպես` «մինչև դժոխքի դուռը չտեսնես, «փրկեա Տերը» չես հիշի»»,- ասաց Ա. Մանուչարյանը:
«Եվ այսպես, Հայաստանի խոշորագույն մարտահրավերներն են դարձել Եվրոպան և Ռուսաստանը, չնայած մինչ այժմ այդպիսին չէին հանդիսանում Հայաստանի համար. մենք ունեինք ուրիշ մարտահրավերներ` Ադրբեջանի հետ հակամարտությունը և այլն: Իսկ ամենամեծ մարտահրավերը ինքը Հայաստանն է, Հայաստանի վիճակը»,- ասաց նա:
Այս պայմաններում պետությունները, որոնք, Աշոտ Մանուչարյանի խոսքերով, դարձել են գործիքներ` «համաշխարհային օլիգարխիայի» ձեռքում, չեն կարող բավարար լինել` ներկայիս իրավիճակից դուրս գալու համար:
«Պետությունն այսօր բավարար գործիք չէ` մեր գործերը կառավարելու համար, դրա համար պետք է ավելանա ևս մի բան: Այդ բանը քաղաքացիական հասարակությունը չէ, չնայած` այն, ինչ կա, վատ չէ, քաղաքական համակարգը չէ, որովհետև և´ քաղաքացիական հասարակությունը, և´ քաղաքական համակարգը, և´ լրատվական դաշտը ընդհանուր առմամբ ենթարկված են այդ տրամաբանությանը: Եվ միայն ժողովրդի ամբողջականությունը կարող է այս ամենը կասեցնել»,- ասաց Աշոտ Մանուչարյանը` նշելով Հայաստանի հասարակական կյանքում սկսված, ժողովրդի համախմբմանն ուղղված որոշակի գործընթացների , մասնավորապես` Ազատության հրապարակում ազատամարտիկների հացադուլի մասին:
Նշենք, որ երեկ` հուլիսի 18-ին, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանն Ազատության հրապարակում հայտարարել է, որ շարունակելու է իր հացադուլը 10 օր` մինչև հուլիսի 18-ը, ժամը 18-ը, և կդադարեցնի միայն այն պայմանով, եթե 10 000 քաղաքացիներ այդ օրը գան և միանան իր շարժմանը:
«Իմ պահանջը հիմնականում իմ ժողովրդին է ուղղված, ոչ միայն Հայաստանի, այլև համայն հայությանը: Տեսնո՞ւմ եք` ինչ վիճակի ենք հասել, բոլոր բողոքում են, բայց այդպես ո՞ւր պետք է գնանք: Դիմում եմ ողջ հայությանը՝ եկե´ք համախմբվենք և որոշենք, ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից»,- հայտարարել է Խ. Ավետիսյանը` ավելացնելով. « Ես հացադուլից դուրս կգամ հուլիսի 28-ին՝ ժամը 18.00-ին, եթե տեսնեմ այստեղ հավաքված ևս 10 000 հայի, հակառակ դեպքում՝ շարունակելու եմ ևս 10 օր՝ նույն պայմանով և շարունակաբար, մինչև հայ մարդը իր մտքից կհանի պարտվողական գոյատևում հասկացությունը: Թող գան բոլոր կուսակցական գործիչները, սակայն չգան որպես կուսակցական, այլ գան որպես հայրենասեր հայ, իմ ընկեր ազատամարտիկները պատրաստ են, բայց մենք պետք է հասկանանք, որ ժողովուրդն աջակցում է մեզ»:
Խաչիկ Ավետիսյանը` Ֆարուխի Խաչիկը, Աշոտ Մանուչարյանի բնութագրմամբ, առաջիններից մեկն է եղել, ով 1988 թ. միացել է արցախյան ազատամարտին:
«Ուրեմն, այս մարդիկ, որ կենաց-մահու կռիվ են տվել, գիտեն գինը և´ կյանքի, և´ մահվան: Եվ եթե նա այսպիսի խոսակցություն է սկսել մեր ժողովրդի հետ, ուրեմն վիճակը շատ լուրջ է գնահատում: Ես նրա հետ լրիվ համաձայն եմ հարցում, բայց ուզում եմ ավելացնել, որ նա միայնակ չէ»,- Խաչիկ Ավետիսյանի մասին ասաց Աշոտ Մանուչարյանը:
Մեր հարցին, թե արդյոք այս գործընթացներին զուգահեռ Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի գների բարձրացումը կարո՞ղ է հանգեցնել սոցիալական ընդվզման, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց այսպես. «Հայաստանն այն վիճակում է, որ երկար ժամանակ է` կարծես ոչ մի բան չի ազդում ժողովրդի վրա, այսինքն` ազդում է, ժողովուրդն ուղղակի հեռանում է երկրից: Եվ միգուցե ինչ-որ շրջանակներում կա տեսակետ, որ այդպես անվերջ շարունակվելու է: Այդպես չի շարունակվելու անվերջ: Այդ ընթացքը կանգ է առնելու, պարզապես դժվար է ասել, թե որ պահին դա տեղի կունենա»:
Աշոտ Մանուչարյանը նշեց, որ քաղաքական ուժերը նույնպես կարող են ցանկացած պահի մտնել այս գործընթացների մեջ:
«Ուղղակի նրանք սովոր են սպասել արտաքին ազդանշանների, իսկ դրանք գնալով ուժեղանում են: Բոլորը սպասում են աշնանը, բայց իզուր են սպասում, որովհետև ուրբաթը կարող է շաբաթից շուտ գալ: Մի խոսքով` կարծում եմ, որ այդպիսի ցանկացած բանից կարող է ընդզվում առաջանալ»,- ավելացրեց Աշոտ Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ` հուլիսի 20-ից Երևանի երթուղային տաքսիների և ավտոբուսների ուղեվարձը 100 դրամից կբարձրանա 150 դրամի: