Բաժիններ՝

Արդյունահանման մեկնարկից հետո «Գեոթիմը» կդառնա Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը

Հայաստանում հանքարդյունաբերական պաշարների մասին տեղեկատվությունը հիմնականում ժառանգություն է մնացել դեռ ԽՍՀՄ տարիներից: ՀՀ անկախացումից հետո, թերևս, միակ հայտնաբերված հանքը, որ արդյունաբերական խոշոր նշանակություն կարող է ունենալ, Ամուլսարն է։ Ամուլսարի ոսկու պաշարները հայտնաբերել է 2005թ. հիմնադրված «Գեոթիմ» ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությանը: 2008 թվականից «Լիդիանը» ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Երկրաբանահետախուզական աշխատանքներին զուգընթաց՝ «Լիդիանը» և «Գեոթոիմը» փորձում են ներդրողներ ներգրավել՝ ոսկու հանքավայրի շահագործման համար:

amulsar 9-sar

Վերջին 2-3 տարում Ամուլսար են այցելել միջազգային 15 բանկերի և 5 ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ: Երեկ Ամուլսարն ընդունեց ծրագրում ներդրումներով հետաքրքրված բանկերի ու ֆինանսական հաստատությունների նոր խմբին, որոնց թվում էին BNP Paribas-ի, Bank of Montreal-ի (BMO), Scotia Bank-ի, Resource Capital Funds-ի, Earth Resources-ի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները: «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանի կարծիքով՝ բոլոր ներդրողներն էլ հետաքրքրված են նախագծով:

«Այցելուներից շատերը Հայաստանում չունեն որևիցե ներկայացուցչություն, և ՀՀ գալու իրենց հիմնական նպատակն Ամուլսարի ծրագիրն է: Հուսով ենք, որ այս ֆինանսական ինստիտուտները և բանկերը ցանկություն կունենան գումար ներդնելու Հայաստանում և՝ հենց մեր ծրագրում: Շատերը չգիտեին նույնիսկ, թե Հայաստանը որտեղ է գտնվում, և այս ծրագիրը Հայաստանը ներկայացնում է՝ որպես ներդրումների համար բարենպաստ երկիր»,- ասաց Հ.Ալոյանը:

Կարդացեք նաև

amulsar-banker

Բացի տեխնիկական հարցերից, ներդրողներին հետաքրքրել են նաև լիցենզիաների տրամադրման գործընթացը, կառավարության վերաբերմունքը, ընկերության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, բնապահպանական չափանիշները և մի շարք այլ հարցեր: «Գեոթիմն» առաջիկա ամիսներին կավարտի նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը, պատրաստ կլինի նաև միջազգային սոցիալական և բնապահպանական փորձագիտական գնահատականը: Համապատասխան թույլտվությունները ստանալուց հետո նախատեսվում է սկսել շինարարական աշխատանքները, որի համար ընկերությունն ակնկալում է ներգրավել 250 մլն դոլար: Ամբողջ ծրագրի արժեքը 400 մլն դոլար է: Անցած 6 տարիների ընթացքում արդեն ներդրվել է 45 մլն դոլար՝ Հայաստանում:

amulsar 6

«Լիդիանում» մասնաբաժին ունեցող կանադական TSO&Association մասնավոր ներդրումային ընկերության ներկայացուցիչ, ազգությամբ հայ Թերենս Օրթսլանն արդեն չորրորդ անգամ է այցելում Ամուլսար: Ըստ նրա՝ արդյունքները գոհացուցիչ են: Օրթսլանը նշեց, որ ոսկու արդյունահանումը մեծապես կախված է ոսկու միջազգային գներից:

amulsar 3 կանադահայ

«Այս ամբողջ հանքերը մեծ կապիտալի կարիք ունեն: Ընկերությունները չեն կարող միայնակ հարցը գլուխ բերել, արդեն 2 խոշոր դրամատներ մասնակցում են նախագծին, մենք էլ ենք պատրաստ համագործակցել»,- ասաց Թ.Օրթսլանը:

Նրա խոսքով՝ շնորհանդեսի ժամանակ ներկայացվել է, որ Ամուլսարի հանքի արդյունքի 40%-ը վերադառնալու է հայրենիք, իսկ դա, միջազգային չափանիշներով, լավ ցուցանիշ է. «Կանադայում այդ թիվն ավելի փոքր է: Ես աշխատում եմ նաև այլ վայրերում՝ Հարավային Ամերիկա, Մոնղոլիա, Աֆրիկա: Այնտեղ կառավարության շահը 40-60%-ի սահմաններում է տատանվում, բայց կրկին էական է ոսկու գինը՝ ինչքան բարձր այն լինի, այնքան շահույթը շատ կլինի: Հայաստանը փոխեց հանքարդյունահանման կանոնները և ավելի զարգացրեց: Բայց մեր հայրենիքի հողերը դեռ լավ ուսումնասիրված չեն, սովետական օրերին կիրառված մեթոդները հետամնաց են: Այս ընկերությունները նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ կբերեն Հայաստան»:

Ամուլսարի հանքավայրի շահագործումը նախատեսվում է իրականացնել ավանդական բացահանքի եղանակով, կիրառվելու է կույտային տարրալվացման համակարգ, որի դեպքում ոսկին կորզվում է հարթակի վրա նոսր ցիանային լուծույթ ցանելով կամ կաթեցնելով: Կույտային տարրալվացումը փակ պրոցես է, և բոլոր նյութերն օգտագործվելուց հետո նորից հետ են մղվում պրոցեսի մեջ: Դրա արդյունքում կույտային տարրալվացումը չի պահանջում թափոնների համար անհրաժեշտ պոչամբար:

amulsar 8-mshakym

Ֆրանսիական BNP Paribas բանկի ներկայացուցիչ Թոմաս Լագրեն դրական գնահատեց այն, որ Հայաստանը հանքարդյունաբերական փորձ ունի. «Մեզ համար կարևոր է, որ երկիրը հանքարդյունաբերության լավ փորձ ունի, և լավ է, որ կա նաև գործող հանքարդյունաբերական օրենսդրություն (Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրքն ընդունվել է 2011-ին.- Գ.Խ.), որը լավ օրենսդրություն է: Մեզ համար կարևոր է նաև, որ միջազգային ընկերություններ կան: Դա նշանակում է, որ երկիրը պատրաստ է համագործակցել միջազգային ընկերությունների հետ»:

amulsar 4 ֆրանսիացի 2

BNP Paribas բանկն «Էկվատորյան սկզբունքների» մասնակից է, որոնք ապահովում են Ամուլսարի նման որևէ ծրագրում ներդրում իրականացնելու համար անհրաժեշտ բնապահպանական ու սոցիալական բարձր չափանիշները: Թոմաս Լագրեն շեշտեց, որ որոշում կայացնելուց առաջ շատ ուշադիր ուսումնասիրում են ծրագրի սոցիալական ու բնապահպանական կողմերը. «Այդ առումով մեր չափանիշները շատ խիստ են»:

«Լիդիան ինթերնեյշնլն» Ամուլսարի ոսկու պաշարները գնահատում է 4 մլն ունցիա: «Գեոթիմի» ղեկավար Հայկ Ալոյանի խոսքով՝ արդյունահանման մեկնարկից հետո «Գեոթիմը» կլինի Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը:

amulsar 5 Ալոյան

Ըստ ընկերության ֆինանսական մոդելի՝ Ամուլսարի պարտքերը կմարվեն մոտավորապես արդյունահանման 4-րդ տարում: Դրանից հետո ընկերությունը կսկսի ներդրումների վերադարձ արձանագրել, որից հետո, հանքի շահագործման ընթացքում, շահույթը կկազմի արդյունահանվող ոսկու արժեքի մոտավորապես 24%-ը, պետական բյուջեն կստանա 22% (հարկերի և ռոյալթիների տեսքով), իսկ մնացած 54%-ը վերաներդրվելու է նախագծում՝ որպես կապիտալ և շահագործման ծախսեր: Դրա մեծ մասը հատկացվելու է տեղական աշխատավարձերին և ծառայությունների վճարներին, ինչպես, օրինակ, վառելիքը և էներգիան:

Հ.Ալոյանը նշեց, որ շինարարության ընթացքում կստեղծվի մոտ 500 աշխատատեղ, իսկ հանքարդյունաբերության ընթացքում՝ 400: Ընկերության աշխատակիցները հիմնականում լինելու են տեղաբնակներ, իսկ եթե համայնքների ներուժը չբավարարի, այլ վայրերից էլ կներգրավեն ՀՀ քաղաքացիների, և աշխատակիցների միայն 5%-ը կլինեն օտարերկրացիներ:

amulsar 2

ՀՀ կառավարության կողմից Ամուլսարի հանքավայրի ազդակիր համայնքներ են սահմանվել Սարավանը (հանքավայրից 5կմ հարավ-արևմուտք), Գնդեվազը (9կմ դեպի արևմուտք) և Գորայքը (5կմ դեպի հարավ-արևելք): Վերջինում տեղադրված է ընկերության լաբորատորիան, որի մենեջեր Արթուր Ստեփանյանը տեղեկացրեց, որ հորատումից հետո հորատահանուքներն իջեցվում են լաբորատորիա, որտեղ կատարվում է նմուշարկում։ Նմուշները նախապատրաստվում են՝ աղվում, փոշիացվում, վերջնականապես փաթեթավորվում և ուղարկվում միջազգային լաբորատորիա՝ Եվրոպայում, որտեղ ստուգվում է ոսկու պարունակությունը:

amulsar 13-hanqaqar

Լաբորատորիայում աշխատում է 23 գորայքցի, որոնցից 8-ը կին է: Ա.Ստեփանյանը տեղեկացրեց, որ հատուկ մասնագիտացման կարիք առայժմ չկա, բայց աշխատողների մեջ կան բուհերի ուսանողներ՝ ապագա քիմիկոսներ, երկրաբաններ:

amulsar 12-laborat

Գորայքում «Գեոթիմը» վերանորոգել է ճանապարհները, կենցաղի տունը, գրադարանը, իրականացնում է առողջապահական ծրագրեր, և այլն: Գյուղի ագրոնոմ Ժորա Միքայելյանի խոսքով՝ գյուղատնտեսությունում ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ, եթե նախկինում 100 քմ տարածքից ստացվում էր 200-250 կգ կարտոֆիլի բերք, ապա այժմ՝ 500 կգ, որը բարձր ցուցանիշ է: Ընկերության ջանքերով 2 ջերմոց է ստեղծվել՝ 50 քմ մակերեսով:

«Շատ մեծ աշխատանք է կատարել Գեոթիմը, գյուղացիները շատ գոհ են օգնությունից: Եթե բոլոր գործերը հաջող գնան, «Գեոթիմը» շարունակի աշխատել ու ֆինանսավորել, 2 ընտանիքներին իրար հետ 1 ջերմոց կտրամադրենք, ու մարդիկ կզբաղվեն: Մինչ այս հիմնականում անասնաբուծությամբ էինք զբաղվում, իսկ դա շահավետ չի, հիմա, որ  գյուղատնտեսությունը զարգանա, կկարողանանք շուկա դուրս գալ»,- նշեց Ժ.Միքայելյանը:

Գորայքի գյուղապետարանի գործավար-օպերատոր,  «Գեոթիմի» համայնքային կոմիտեի անդամ Քրիստինե Հարությունյանը նույնպես գոհունակություն հայտնեց ընկերության իրականացրած սոցիալական ծրագրերից. «Կազմակերպությունը մեծապես նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը և շատ հետևողական է: Շատ շնորհակալ ենք իրենցից: Անցած տարի՝ ծրագրերի առաջին փուլում ներգրավված է եղել՝ 30, այս տարի՝ 50 շահառու»:

Գորայքի բնակիչ, «Գեոթիմի» ծրագրի շահառու Գոհար Կարապետյանն իր հերթին՝ նշեց, որ բոլոր բնակիչներն ուզում են, որ ընկերության աշխատանքները շարունակական լինեն. «Լավ կլինի, որ ջերմոցները շատացնեն: Մեզ մոտ կլիման այնպիսին է, որ հոկտեմբերից ցրտահարությունները սկսվում են: Մինչ «Գեոթիմը» զբաղվում էինք անասնապահությամբ, աշխատատեղեր չկային, ու գյուղը դատարկվում էր, բոլոր երիտասարդները դուրս էին գնալու: Գյուղը մեռնում էր: «Գեոթիմը» նպաստեց, որ գյուղը մնա, գոյատևի. այս տարի արդեն 2-3 հարսանիք է եղել Գորայքում»:

Լուսանկարները՝ 168.am-ի

Տեսանյութը՝ շուտով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս