Բուդաղյանների փաստաբան. «Երբ ասում եմ՝ տեսանյութը մոնտաժված է, նկատի չունեմ, որ չմոնտաժված տարբերակում պատշգամբ է երևում և վրան Սուրիկ Խաչատրյան»
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով հայտնել՝ արդյոք Սյունիքի նախկին մարզպետ Սուրի Խաչատրյանի ենթադրյալ հանցագործությունների մասին հրապարակումներով հարուցվե՞լ են քրեական գործեր, թե՞ ոչ:
«Խնդրել եմ տեղեկացնել, թե այդ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ մամուլում եղած հրապարակումների կապակցությամբ քրեական գործեր հարուցվե՞լ են, թե՞ ոչ կամ որևէ քննություն կատարվե՞լ է, թե՞ ոչ, որովհետև, ինչպես գիտեք, մամուլում տեղ գտած նման հաղորդագրությունները, նման տվյալները առիթ են, որպեսզի քննարկվի քրեական գործ հարուցելու հարց, որից հետո կա´մ քրեական գործը պիտի հարուցվի, կա´մ պիտի որոշում կայացվի քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ պատճառաբանելով, թե ինչո՞ւ են հարուցումը մերժում: Այս դեպքում ինձ մոտ տվյալներ չկան, որ քննություն գնացել է դրա շուրջ, բայց ես, չբացառելով, որ դրա շուրջ քննություն կարող է տեղի է ունեցել, դիմեցի գլխավոր դատախազին, որ այդ հարցը լուսաբանվի: Ես կարծում եմ, որ, այո´, այդ ենթադրյալ հանցագործությունների շարքը, որի մասին հիմա մամուլը հրապարկումներ է ներկայացնում, այդ տեղեկությունները կարող են լույս սփռել այս դեպքի վրա: Եվ եթե նույնիսկ այս դեպքի փաստական հանգամանքները պայմանավորված չլինեն այդ նախորդ դեպքերով, ապա գոնե մյուս՝ հակառակ կողմի, պայմանական ասած՝ Խաչատրյանների կողմին որպես բնութագրող հանգամքներ կարող են գործի համար նշանակություն ունենալ»,- ասաց Հայկ Ալումյանը: Նա ասաց նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չի ստացել:
Անդրադառնալով այն հրապարակումներին, թե Սուրիկ Խաչատրյանը սպասում է որդու գործի ավարտին, և պատրաստվում է լքել Հայաստանը, Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ եթե այդ հրապարակումը ճիշտ է, ապա դա կարող է նշանակել. «Երբ որ իր տղայի հարցերը կկարգավորվեն, նշանակում է՝ պտրաստվո՞ւմ է, որ ենթադրենք 15 տարի հետո է պատրաստվում լքել Հայաստանի Հանրապետությունը, թե ինքը մտածում է, որ իր տղան մի կարճ ժամանակ հետո դուրսն է լինելու: Ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, իրենք այդ երկու տարբերակից որը նկատի ունեն»:
Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Սյունիքում վենդետա չի լինի. «Իմ կողմը ապավինում է բացարձակ օրենքին: Իմ կողմը չի խոսում վենդետայի մասին: Իմ կողմը հեռու է այն մտքից, որ գործը կարող է լուծվել այլ կերպ, քան օրինական ճանապարհով: Հետևապես իմ կողմը բացարձակապես ապավինում է պետության, բացարձակապես պետական մարմիննրի անաչառության վրա: Իմ կողմը համոզմունք ունի, որ հնարավոր է այս պետությունում, այս իրավական համակարգի պայմաններում հասնել արդարության»:
Փաստաբան Հայկ Ալումայնը անդրադարձավ նաև մամուլի այն հրապարակումերին, որ դեպքի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը քնած չի եղել, եղել է պատշգամբում և նույնիսկ կրակել է: «Ես պարզապես կարող եմ ասել, որ այդ հրապարակումներն այնպես չէ, որ բացարձակապես օդից վերցված են: Ես կարող եմ ասել, որ քրեական գործում կարող են լինել նաև այդպիսի տվյալներ: Ես շատ չեմ ուզում բացել փակագծերը, թե ով կարող է նման տվյալներ հայտնած լինել քննությանը, կոնկրետ ինչ ձևով են այդ տվյալները ձևակերպված»,- ասաց Հ. Ալումյանը: Միևնույն ժամանակ, փաստաբանն ասաց, որ չի կարելի այնպիսի հայտարարություններ անել, որոնք կխախտեն որևէ մեկի անմեղության կանխավարկածը:
Լրագրողների հարցին՝ արդյոք չմոնտաժված տեսանյութը նման կասկած հարուցո՞ւմ է, Հ. Ալումյանը պատասխանեց. «Ես երբ ասում եմ՝ տեսանյութը մոնտաժված է, ես նկատի չունեմ, որ չմոնտաժված տարբերակում պատշգամբ է երևում և վրան Սուրիկ Խաչատրյան: Դա նկատի չունեմ»: