Բողոքի ակցիան Գյումրիում շարունակվում է. մասնակցիները խալաթ էին բերել հյուպատոսարան (լուսանկարներ)
Գյումրիում այսօր կեսօրին իր շարունակությունն է ունեցել երեկ սկսված բողոքի ակցիան` ի պաշտպանություն Ռուսաստանում աշխատող հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի, ում ՌԴ-ում տեղի ունեցած խոշոր ավտովթարի դեպքի քննման շրջանակներում դատարան էին ներկայացրել կանացի խալաթով, ինչը վրդովմունքի մեծ ալիք էր բարձրացրել տարբեր մարզերում: Ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին:
Բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիական ակտիվիստները հավաքվել են Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց՝ այս անգամ ևս կրկնելով իրենց պահանջը. քաղաքացիները պահանջում էին հյուպատոսից ընդունել նրանց և «Հայաստան» գրառումով և հայկական զինանշանով շապիկը փոխանցել Հրաչյա Հարությունյանին:
Այս անգամ ակցիան սկսվել է մոմավառությամբ և ծաղիկների տեղադրմամբ հյուպատոսարանի շենքի ճաղերին` ի հիշատակ ավտովթարի զոհերի: Ապա քաղաքացիները պահանջել են ընդունել նրանց օրինական պահանջը, որին ի պատասխան՝ հյուպատոսարանից հայտարարել են, որ ընդունելու են ընդամենը մեկ հոգու: Սա վրդովեցրել է ակցիայի մասնակիցներին. վերջիններս պահանջում էին հանդիպում առնվազն երեք հոգու հետ՝ ԶԼՄ-ների ներկայությամբ: Պահանջը չընդունվեց: Ակցիայի մասնակիցների վրդովմունքն էլ ավելի մեծացավ, երբ իրենց աչքերի առաջ հյուպատոսարանի դռները բացվեցին ոստիկանական աշխատակիցների դիմաց, ովքեր ցուցարարների կողքով շատ հանգիստ մուտք գործեցին հյուպատոսարան: Փաստորեն, հյուպատոսարան մտնելու համար ՀՀ սովորական քաղաքացի լինելը բավարար չէ, իսկ պաշտոն ունենալը` պարտադիր:
Վրդովված ցուցարարները համբերատար սպասում էին` անկախ եղանակային սարսափելի պայմաններից: Լսվում էին հյուպատոսի ազգանվամբ «Կորչ-մար, դուրս արի» և նման այլ վանկարկումներ: Մասնակիցներն իրենց հետ բերել էին կանացի խալաթ, որն իր տեղը գտավ հյուպատոսարանի ճաղերին: Այնպիսի տպավորություն էր, որ Գյումրեցի ցուցարարների համբերությունն անսահման է, նրանք կանգնել-սպասում էին՝ անկախ ամեն ինչից, որպեսզի իրենց բողոքի խոսքը վերջապես ներկայացնեն հյուպատոսին, սակայն հանդիպում այդպես էլ չեղավ: 168am-ի հետ զրույցում քաղաքացիական ակտիվիստ Լուիզա Պետրոսյանը նշեց. «Մեր բողոքի ակցիան ու վերջինիս շարունակության հիմնական նպատակն է, որ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ վերաբերվեն արժանապատիվ կերպով: Ամենայն հարգանքով ենք վերաբերվում զոհվածների ընտանիքներին, ցավակցում ենք: Անցկացրեցինք մոմավառություն, ծաղիկներ դրեցինք, հնարավորինս ցույց տվեցինք մեր հարգանքը զոհվածների նկատմամբ` միաժամանակ պահանջելով հյուպատոսից՝ դուրս գալ և ընդունել մեզ ու լսել մեր խոսքը: Իսկ որպես արձագանք՝ լսեցինք հետևյալը. ասացին, որ ընդունելու են ընդամենը մեկ հոգու, սակայն մեր ակցիայի մասնակիցների կողմից այդ պահանջը չընդունվեց. առաջարկեցինք, որ գոնե երեք հոգի ներկա լինեն զրույցին, որին ի պատասխան՝ ոչ մի արձագանք չեղավ»:
Այն հարցին, թե ինչքանո՞վ է իրատեսական ակցիայի մասնակիցների պահանջը, Լուիզա Պետրոսյանը պատասխանեց. «Մենք մեր առջև դրել ենք նպատակ և ուզում ենք անպայման հասնել այդ նպատակի իրագործմանը: Հասարակությունն իր հերթին՝ կազմակերպելով ու մասնակցելով նման ակցիաների, կարող է մեծ օգուտ տալ: Պետությունն առաջ տանողը պետք է լինի հասարակությունը և նրա ակտիվ անդամները»:
Այդպես էլ ոչ մի նորմալ պատասխան չստանալով հյուպատոսարանից՝ ակցիայի այն մասնակիցներն, ովքեր մեքենաներով էին, սկսեցին անդադար ազդանշանել` այդպիսով ցույց տալով իրենց զայրույթն ու վիրավորանքն իրավիճակի նկատմամբ: Գյումրեցիները խոսք տվեցին վաղը ևս հավաքվել նույն ժամին, նույն վայրում՝ շարունակելու համար իրենց ակցիան:
Գյումրի