Բաժիններ՝

Դատախազությունն արձագանքում է Հայկ Ալումյանին. Հարցադրումը հիմնազուրկ է

ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին  խնդրանքով՝ պատասխանել, թե արդյոք Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հրապարակային հայտարարությունները հանդիսանո՞ւմ են Գլխավոր դատախազության պաշտոնական տեսակետը:  Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Փաստաբանի հարցադրումն ինքնին հիմնազուրկ է։ Վստահ եմ, որ նա եւս գիտակցում է, որ որեւէ քրեական գործով խոսել դատախազության հավաքական տեսակետի մասին  անմտություն է։ Յուրաքանչյուր քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացնում կոնկրետ դատախազ, որի դիրքորոշումը դրսեւորվորվում է դատավարական փաստաթղթերով։ Նույնը վերաբերում է նաեւ դատախազության վերահսկողության գործառույթին»,- արձագանքելով փաստաբանի հայտարարությանը՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Վերջինս նաեւ նշեց, որ դատախազությունը քաղաքական մարմին չէ, որպեսզի հանդես գա պաշտոնական հայտարարություններով, այլ, կարեւորելով ՀՀ քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տարբեր քրեական գործերով տրամադրում է տեղեկատվություն՝ կոնկրետ քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ՝ այն ծավալով, որքանով չի խոչընդոտի քննության ընթացքին։ Ըստ նրա՝ տեղեկատվություն տրամադրելու միջոցները տարբեր են եւ կարող են տարածվել ինչպես մամուլի հաղորդագրությունների, այնպես էլ՝ մամուլի ասուլիսների եւ հարցազրույցների միջոցով։

Փաստաբանը միաժամանակ Գլխավոր դատախազին խնդրել է պարզաբանել, թե արդյոք Զինվորական դատախազը լիազորվա՞ծ է այդ գործառույթն իրականացնել, մամուլում քննարկումներ անցկացնել և այդպիսի հայտարարություններով հանդես գալ:

«Վստահ եմ՝ փաստաբանը ծանոթ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, այդ թվում՝ 201-րդ հոդվածի 1-ին մասին»,- «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է Ս.Տռուզյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս