
«Արազն» իր ծառայություններն է առաջարկում հայ գործարարներին

Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող և հայ-իրանական սահմանն ընդգրկող «Արազ» ազատ առևտրի և արդյունաբերական գոտու տնօրեն Սադեղ Նաջաֆին Երևանում հայ գործարարներին հրավիրել էր հաստատվել «Արազում» և 25 տարով ազատվել հարկերից: Թե ինչպե՞ս կարող է այս առաջարկն ազդել ՀՀ տնտեսության վրա, 168.am-ը հետաքրքրվեց Զարգացման հայկական միության նախագահ Ռոբերտ Հարությունյանից, ով նշեց, որ դրա հետևանքով տեղական ընկերությունները ՀՀ-ում չեն փակվի և ամբողջությամբ տեղափոխվի «Արազ», այլ խոսքը վերաբերում է այնտեղ ներկայացուցչություն բացելու և իրենց ապրանքը իրանական շուկայում ներկայացնելու մասին է:
«Լավն այն է, որ «Արազը» դուրս է իրանական մաքսային սահմանից: Իրենք ուզում են, որ այնտեղ ներկայացնենք մեր ապրանքը: Այժմ մենք ուսումնասիրում ենք պայմանները, փորձում ենք հասկանալ, թե ինչ է հարկավոր, որ «Արազ» առևտրի գոտու հետ աշխատենք և, եթե հեռանկարային է, սկսենք համագործակցել»,- ասաց Ռ. Հարությունյանը:
Նշենք, որ ներկայում երկու երկրների միջև տարեկան առևտրաշրջանառությունը ընդամենը 380 միլիոն դոլար է: