Բաժիններ՝

«Կոչ եմ անում կրթության և գիտության նախարարին՝ զբաղվեք նաև Լիլիթ Արզումանյանով»

«Կոչ եմ անում կրթության և գիտության նախարարին՝ զբաղվեք նաև Լիլիթ Արզումանյանով, ով պարծենում է, թե 20 տարի է՝ զբաղեցնում է ԲՈՀ-ի փոխնախագահի պաշտոնը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դեղարտադրողների և ներմուծողների (ԴԱՆ) միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ հավելելով, որ ԲՈՀ-ի արդեն նախկին նախագահ Արտուշ Ղուկասյանի հեռացումը պաշտոնից գովելի է, բայց ուշացած:

Ս.Զաքարյանի «հակամարտությունը» ԲՈՀ-ի հետ սկսվել է այն պատճառով, որ ԲՈՀ-ը ոչ գիտական է որակել ԴԱՆ միության հիմնադրած «Ջի Էքս Պի» գերազանցության կենտրոնի և ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի կողմից հրատարակվող «Ֆարմա» ամսագիրն ու մերժել է դրան գիտական կարգավիճակ շնորհել, նախ՝ պատճառաբանելով, թե ամսագիրն առավելապես ունի գործնական ու գովազդային նշանակություն, ապա թե՝ «նպատակահարմար չէ»:

«Ֆարման» ստեղծվել է 2010 թվականին, անվճար տպագրում է դեղագործության ոլորտի գիտական հոդվածներ, այսուհետ տպագրվելու է 6 ամիսը մեկ պարբերականությամբ (նախկինում 3 ամիսը մեկ էր տպվում), հանդեսը բաժանվում է բուժոլորտի ներկայացուցիչներին և գրադարաններին անվճար, իսկ բյուջեն գոյանում է գովազդներից:

Ս.Զաքարյանը ԲՈՀ-ի գործողությունները, մերժման հիմքերը որակեց՝ որպես աբսուրդ և «հայոց գիտության հանդեպ սաբոտաժ» մի կազմակերպության կողմից, որը պետք է աջակցի գիտությանը:

ԴԱՆ նախագահը նշեց, որ այժմ իրենք ստիպված են սպասել մինչև նոյեմբեր, որպեսզի նորից դիմեն ԲՈՀ՝ ամսագրին գիտական կոչում շնորհելու դիմումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս