«Հայազն» կուսակցութունը ՌԴ դեսպանին առաջարկեց նոր պաշտոնական հագուստ` խալաթի տեսքով (տեսանյութ)
Քիչ առաջ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց անցկացվեց հերթական բողոքի ակցիան` ի նշան դժգոհության Մոսկվայի դատարանում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և իրավունքների ոտնահարման:
Պիկետի կազմակերպիչն այս անգամ «Հայազն» կուսակցությունն էր:
Կուսակցության ներկայացուցիչը դեսպանության դիմաց կարդաց բաց նամակն` ուղղված ՀՀ-ում ՌԴ դեսպանին, որտեղ նշված է.
«Խորապես հարգելով և ցավակցելով 13.08.2013 թ. ՌԴ Նոր Մոսկվայի տարածքում ավտովթարից զոհված և տուժած բոլոր քաղաքացիների ընտանիքներին, հայտնում ենք մեր խորը մտահոգությունն ու վրդովմունքը դեպքին հաջորդող իրավական գործընթացի հետ: Համացանցում տեղադրված տեսանյութից երևում է, թե ինչպես է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը արդեն իսկ նախաքննության փուլում քաղաքակիրթ երկրի դատական համակարգի համար անթույլատրելի նվաստացումների ենթարկվում: Մասնավորապես, դատարանի դահլիճ է ներկայացված կանացի խալաթով և ակնհայտորեն հիվանդանոցից վաղաժամ է դուրս գրված: Հատուկ ուշադրության է արժանի ռուսական մամուլի կողմից և հանրության մեջ հաստատվող Հայաստանի քաղաքացու բացասական կերպարը, վաղաժամ հաստատվում է նրա մեղավոր լինելը և մեղքի աստիճանը:
Շովինիստական և մարդկային արժանապատվությունն այլևայլ կերպերով ոտնահարող պիտակներ են կպցվում, ինչպես «վարորդ հայ մարդասպան», «բառաչում է» և այլն: Այս ամենը սովորեցնում է շովինիզմ, դաժանություն, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք և հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին ուղղված սպառնալիք: Պահանջում ենք դադարեցնել նման գործողությունները և Հայաստանի քաղաքացու համար քաղաքակիրթ քննություն և արդար դատավճիռ ապահովել»»:
Իսկ «Հայազն» կուսակցության մամուլի և հանրության հետ կապերի պատասխանատու Արմեն Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ ակցիայի նպատակը բողոքն է այն անմարդկային, հակաիրավական գործողության դեմ, որը դրսևորվում Հրաչյա Հարությունյանի նկատմամբ, և միանշանակ է, որ Հրաչյա Հարությունյանը չի կատարել կանխամտածված հանցագործություն:
«Մենք գործ չունենք մարդասպանի, ահաբեկչի, բռնաբարողի հետ»,- ասաց նա: «Հայազնի» ներկայացուցիչները նշեցին, որ այսպիսի գործողություններով Ռուսաստանի Դաշնությունում հային ընկալում են` որպես անպաշտպան և անհայրենիք մի էակի:
«Պետական «Ռոսիա-1» հեռուստաընկերությամբ այն հայտնի սյուժեն, որը արգելափակվել էր հայաստանցիների համար, բայց Youtube-ի միջոցով մենք ծանոթացանք, այդ տիպի բացարձակ արհամարհական, ցեղապաշտական և ագրեսիվ վերաբերմունք ես անձամբ, համենայն դեպս, չեչենական պատերազմից հետո չեմ հանդիպել»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Կարծես ձևավորված ավանդույթի համաձայն` այս ցույցի մասնակիցները նույնպես իրենց հետ բերել էին խալաթ` նախատեսված ՌԴ դեսպանատան ներկայացուցիչների համար, սակայն այս անգամ նորությունն այն էր, որ «Հայազնի» երիտասարդ ակտիվիստները խալաթը ռուսաստանյան պաշտոնյաներին նվիրում էին որպես պաշտոնական հագուստ:
Վերջում նրանք խալաթը կախեցին ՌԴ դեսպանատան հայտարարությունների ցուցատախտակին:
Լրագրողներից մեկի հարցին, թե խալաթն ընտրվել է Ռուսաստանի դեսպանի՞, թե՞ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հագով, «Հայազնի» ներկայացուցիչը ժպտալով պատասխանեց, որ այն ունիվերսալ է:
«Ցավոք, չենք կարող ամբողջ ռուսական ղեկավարությանը խալաթներով ապահովել, սա կարող եք դիտարկել որպես նմուշ»,- ավելացրեց «Հայազնի» մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ բեռնատար «Կամազի» վարորդ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել հունիսի 13-ին Մոսկվայի շրջանի Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ և նրա նկատմամբ ընտրվել է երկամսյա կալանք: Հայ հասարակության կողմից Հրաչյա Հարությունյանի դեմ գործողությունների առնչությամբ հատկապես բուռն դժգոհության արժանացավ այն փաստը, որ Հրաչյա Հարությունյանին հիվանդանոցից դատարանի դահլիճ բերեցին կանացի խալաթով, ինչը ցուցադրեց Ռուսաստանի պետական «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Վեստի» լրատվականը: