Մեզ համար ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան՝ հատուկ ծառայությունների ճղճիմությունները. Պուտին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի համար Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան՝ հատուկ ծառայությունների ճղճիմությունները: Պուտինի կարծիքով՝ Էդվարդ Սնոուդենի շուրջ ստեղծված իրավիճակը և նմանատիպ դեպքերը չպետք է բարդացնեն միջպետական կապերը.
«Մենք ունենք մեր առաջադրանքները, այդ թվում նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Մենք ունենք անկախ արտաքին քաղաքականություն: Հուսով եմ, որ մեր գործընկերները դրան կվերաբերվեն ըմբռնումով և խաղաղությամբ:
Միջպետական կապերն ավելի կարևոր են, քան հատուկ ծառայությունների ճղճիմությունները: Ռուսաստանի իշխանությունները մտադիր չեն խորանալ Սնոուդենի գործունեության մանրամասների մեջ:
Մենք զգուշացրել ենք պարոն Սնոուդենին, որ նրա յուրաքանչյուր գործունեություն, որը կապված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունները վնասելու հետ, մեզ համար անընդունելի է: Սնոուդենը չի պատրաստվում Ռուսաստանում գտնվել անվերջ: Նա անձամբ այդ մասին հայտնել է մեզ»:
Պուտինը երկուշաբթի հայտարարել էր, որ ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը Ռուսաստանից կհեռանա նման հնարավորություն հայտնվելու դեպքում, սակայն իրավիճակը դեռ շարունակում է մնալ անորոշ:
Սնոուդենը Հոնգկոնգից հունիսի 23-ին ժամանել է Մոսկվա: Արդեն 4-րդ շաբաթն է, ինչ նա գտնվում է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում և չի կարողանում լքել այն, քանի որ նրա ամերիկյան անձնագիրը չեղյալ է հայտարարվել:
Սնոուդենը երեկ պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանը՝ իրեն ժամանակավոր ապաստան տալու խնդրանքով: