
ԱՄՆ-ը Սնոուդենի արտահանձնման հարցով դիմել է 5 երկրի. WikiLeaks

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին արտահանձնելու հարցով դիմել են 5 երկրի իշխանությունների՝ Հոնգկոնգ, Վենեսուելա, Բոլիվիա, Իսլանդիա և Իռլանդիա:
Այս մասին այսօր Twitter-ի միջոցով հայտնել են WikiLeaks-ի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի իշխանությունները հետախուզում են հայտարարել Սնոուդենի նկատմամբ, քանի որ նա ԶԼՄ-ներում տեղեկություններ է հրապարակել համայն աշխարհի քաղաքացիներին ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսելու ծրագրերի մասին:
Սնոուդենն ԱՄՆ-ից փախել է Հոնգկոնգ, որտեղից էլ հունիսի 23-ին ժամանել է Մոսկվա: Արդեն 4-րդ շաբաթն է, ինչ նա գտնվում է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում և չի կարողանում լքել այն, քանի որ նրա ամերիկյան անձնագիրը չեղյալ է հայտարարվել:
Սնոուդենը երեկ պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանը՝ իրեն ժամանակավոր ապաստան տալու խնդրանքով: