Վենեսուելայի նախագահն ամուսնացել է
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամուսանցել է Սիլիա Ֆլորեսի հետ, որի հետ երկար տարիներ ապրել է քաղաքացիական ամուսնությամբ:
Այս մասին Մադուրոն հայտարարել է նախագահական նստավայրում նահանգապետերի հետ ունեցած խորհրդաժողովի ժամանակ: Մադուրոյի խոսքերով՝ հարսանեկան արարողությանը մասնակցել է ընտանեկան նեղ շրջապատը:
Նշվում է, որ Նիկոլաս Մադուրոն և Սիլիա Ֆլորեսն իրենց հարաբերությունների համար պարտական են նախկին նախագահ Ուգո Չավեսին: Երբ վերջինս դուրս է եկել բանտից, ուր հայտնվել էր ռազմական հեղաշրջման փորձի համար, Մադուրոն դարձել է նրա անձնական վարորդն ու թիկնապահը:
Այդ ժամանակ էլ նա ծանոթացել է Սիլիա Ֆլորեսի հետ, ով գտնվել է այն փաստաբանների թվում, որոնք հասել են Չավեսի վաղաժամ ազատ արձակվելուն: Հետագայում Մադուրոն և Ֆլորեսը մտել են Հինգերորդ հանրապետության շարժման ղեկավարության մեջ, որին Չավեսը բերեց իշխանության 1998 թվականին, ինչից հետո էլ նրանք դարձան Ազգային ասամբլեայի պատգամավորներ: