Բաժիններ՝

Օհանավանում ծառերի տակ տոննաներով ծիրան է փչանում

Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Օհանավան համայնքի բնակիչ, ֆերմեր Արմեն Ավետիսյանը թեև այլևս հումորով է ներկայացնում այն կացությունը, որի մեջ հայտնվել է, սակայն պատկերն իսկապես շատ տխուր է:

«Գարնանից ամեն ինչ էլ տեսանք. կարկուտն էլ տվեց, ցուրտն էլ տվեց, բերքն էլ պակասեց, բայց մեզ ամենից շատ վնասեցին մեր մթերող գործարանները: «Թամարա», Պռոշյանի գործարանները սկզբում ասեցին՝ կիլոն 50 դրամ, հետո ասեցին՝ չենք ընդունում: Ասին՝ պինդ լինի, չեչոտ չլինի, կոմպոտի լինի, ու չընդունեցին… Մոսկվայի գրուզին էլ հարմար չի ծիրանը, քանի որ որակ չթողեց բնությունը: Իմ ցավը գալիս է, քանի որ ես իմ ձեռքով 140 ծիրանի ծառ եմ տնկել ու հիմա բերքը թափում եմ: Ով ուզում է՝ գա-տեսնի, ծառերի տակ 2-3 տոննա ծիրան կա թափած-կոլոնած…

Մի քանի օր առաջ բանվորներ բերեցի, որ ծիրանը հավաքեն արաղ քաշելու համար: Մեզ օգուտ մնաց ջղայնությունը, ներվայնությունը: Ծիրան մշակո՞ղ ենք, թե՞ օղի թորող: Չգիտես, բերք ունենալուց էլ դժգոհես, չունենալուց էլ, ինչի՞ց գոհանաս, չգիտես…»,- ասում է Ա. Ավետիսյանը: Իսկ այդ ընթացքում ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն, ինքն իրենից գոհ, ինչ-որ թվեր է ներկայացնում տարբեր խորհրդակցությունների ընթացքում, որոնք որևէ աղերս չունեն իրականության հետ:

«Հիմա ծիրանը մթերվում է 400-500 դրամով: Գյուղացիները գոհ են, դժգոհ չեն»,- վերջերս կրկին մի խորհրդակցության ժամանակ ասել էր Սերգո Կարապետյանը: Բարեբախտաբար, նախարարի ներկայացրած որևէ թվի նույնիսկ իր վերադասները չեն հավատում:

Ն. Սարգսյան
Արագածոտն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս