Գյումրիում Քրիստոնեական հոգեբանության կենտրոն է բացվել. ի՞նչ է այն

Այն, թե քանի տարի է անցել Գյումրիի  ավերիչ երկրաշարժից, գիտի յուրաքանչյուր, փոքր թե մեծ, Գյումրեցի: Թե քանի կյանքեր են խեղվել ու դեռ շարունակվում են խեղվել՝ չգիտի ոչ ոք. պաշտոնական տվյալներն անզոր են քողարկել այն ծանր սոցիալ-հոգեբանական վիճակը, որն առկա է գյումրեցու վարքուբարքում, մտածելակերպում և առօրյա կյանքում:  «Ցանկանում ենք հեռանալ»  արտահայտությունը կարելի է լսել շատուշատ գյումրեցիներից, ու բնավ կարևոր չեն հեռանալու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառները: Փաստը մնում է փաստ, որ քաղաքն արդեն վաղուց արտագաղթն ընդունում է՝ որպես կյանքի նորմ: Ու թեև վերջերս փորձեր են արվում վերականգնել գյումրեցու երբեմնի լավատեսությունն ու սերը կյանքի ու իր քաղաքի նկատմամբ, սակայն ամեն բան անօգուտ կլինի, քանի դեռ չի վերափոխվել ինքը` գյումրեցին` սկսած պարզ  քաղաքացուց, մինչև բարձր պաշտոնյաներ: Հարկավոր է փոխել  մարդկային մտածելակերպ, արժեհամակարգ,  ինչն իրավամբ ամենաբարդն է:
Վերջերս Գյումրիում բացվեց Շիրակի թեմի սոցիալական ադապտացիայի Քրիստոնեական հոգեբանության կենտրոնը: Մինչ այս նմանօրինակ կենտրոններ մեզանում չեն գործել, այն իր ոլորտում առաջինն է: Կենտրոնի հիմնական նպատակն է՝ հոգեբանական և հոգեկան խնդիրները լուծել և հիվանդներին վերջնական ապաքինման հասցնել` հիմնվելով քրիստոնեական բժշկության, ազգային ծեսերի և հոգեթերապիայի հայտնի մեթոդների վրա: Կենտրոնի աշխատակից, տարիների փորձ ունեցող բժիշկ-հոգեբույժ Վաղարշակ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում բացահայտում է կենտրոնի հիմնական նպատակները և ներկայացնում գյումրեցուն հետերկրաշարժյան ծանր հոգեբանական վիճակից դուրս բերելու և դեպի ապաքինում տանելու հարցի կարևորությունը:

– Ինչպե ՞ս առաջացավ Քրիստոնեական հոգեբանության կենտրոն ստեղծելու գաղափարը:

– Նման կենտրոնների ստեղծման կարիք կա ողջ Հայաստանում, Գյումրիում` մասնավորապես,  կապված հետերկրաշարժյան ծանր սոցիալ-տնտեսական վիճակի և արժեհամակարգի փոփոխման հետ: Կենտրոնի ստեղծման գաղափարը կար վաղուց: Կենտրոնի ներկայիս պատասխանատուի հետ զրույցներում եկանք այն եզրակացության, որ հնարավոր է համադրել դարերից եկած  քրիստոնեական բժշկությունը, ազգային ավանդական ծեսերը և ժամանակակից հոգեթերապիան` բուժելու համար այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են պսորիազը, աուտիզմը, մանկական պաթոլոգիաները, վերարտադրողական ֆունկցիաների խանգարումները, անպտղությունը և այլն: Պրակտիկորեն կարող ենք աշխատել ցանկացած հիվանդության հետ: Գաղափարը քննարկեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ և, ստանալով իր դրական պատասխանն ու օրհնությունը, որոշեցինք իրականացնել գաղափարը: Քրիստոնեական կենցաղավարությամբ ապրող յուրաքանչյուր անհատի համար աղոթքը կարևոր  տեղ է գրավում, ավելին, ըստ մեր բուժական մեթոդների՝ աղոթքները հոգեկան խնդիրների բուժման հարցում առաջնային դեր ունեն, ուստի  նման կենտրոնի ստեղծման կարիք լինել-չլինելու հարցը դուրս է գալիս, քանի որ քրիստոնեական բժշկության մոտեցումներն իրենց մեջ կրում են այն ամենը, ինչի կարիքն ունի ազգն այսօր առհասարակ:

– Ինչպիսի ՞ մեթոդներ են օգտագործվում կենտրոնի հիվանդների բուժման հարցում:
– Խնդիրներին մեր մոտեցման կիրառական մասը  հիմնված է ազգային կրոնական ծեսերի կիրառման վրա, իսկ տեսական մասը տալիս է մոտեցման բժշկահոգեբանական նշանակության բացատրությունը:

– Ինչպիսի ՞ն է կենտրոնի հիվանդների քանակը: Գյումրեցիներն ընդունեցի ՞ն  բուժական այս մեթոդն՝ ըստ Ձեզ:

– Իմ 12 տարվա մասնագիտական փորձի ընթացքում նման մեթոդներով բուժվելու ցանկություն ունեցել են շատ-շատերը, իսկ վերջին  մեկ ամսվա ընթացքում, ինչ բացվել է կենտրոնը, հիվանդների քանակն արդեն անցնում է 30-ից:

– Մեթոդը, որով Դուք աշխատում եք,  կիրառություն  ունի՞ այսօր  Հայաստանում:

– Կենտրոնը, որպես այդպիսին, առաջինն է իր ոլորտում: Իհարկե, մեթոդի և մոտեցումների քննարկումներ են եղել ինչպես՝ այստեղ, այնպես էլ՝ Երևանում, ոլորտի մասնագետների հետ միասին: Կենտրոնը համագործակցում է մի շարք մասնագետների հետ, մանավանդ պսորիազ հիվանդության բուժման գործում:

– Ո ՞րն է մեթոդի նշանակությունը և հիմնական առավելությունները:

kentron.– Եթե հարցը դիտարկենք կիրառական տեսանկյունից, ապա նպատակահարմար են նախկինում լայն  կիրառություն ունեցող  քրիստոնեական ազգային ծիսական մոտեցումները, որոնք ժամանակի ընթացքում մոռացվել են, կրկին վերանայել և ապացուցել, որ այն պատկերացումները, թե ազգային եկեղեցական ծեսերի կիրառությունը չի կարող բուժել բազմաթիվ հիվանդություններ` կեղծ է, սխալ: Երբ մենք սկսեցինք պրակտիկայում կիրառել այն մոտեցումները, որոնք Եկեղեցին վաղուց գիտեր և կիրառում էր վաղ ժամանակներում, դրական արդյունքները և հիվանդների առողջացման պատկերը դարձան առավել ակնառու: Նպատակն այն է, որ ժամանակի ընթացքում հայի և, մասնավորապես, գյումրեցու կենցաղ վերադարձնենք մեր ունեցած  ծեսերը, սովորույթները, ազգային առանձնահատկությունները և արժեհամակարգը:

Գյումրի

Տեսանյութեր

Լրահոս