Ինչո՞ւ են տեղափոխել Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Ինտերնետային կայքերում և սոցցանցերում ակտիվ քննարկվում է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի՝ պաշտոնից ազատվելու մասին տեղեկությունը:
Մամլո դիվանը պաշտոնապես տեղեկացնում է, որ տեր Հակոբը ոչ թե ազատվել է հոգևոր սպասավորությունից, ոչ թե կարգալույծ է արվել, այլ սեփական դիմումի համաձայն տեղափոխվել է Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցի՝ իր ծառայությունն այնտեղ իրականացնելու համար:
«Արարատ» հոգևոր միության նոր պատասխանատու է նշանակվել Տեր Դանիել քահանա Բաղումյանը, ով մինչ այդ սպասավորում էր Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հայ Առաքելական Եկեղեցում նման տեղափոխությունները շատ բնականոն են և այնքան հաճախ են լինում, որ զարմանալի է, թե ինչու է այս մեկը նման անտրամաբանական աղմուկ առաջացրել:
Ցավալի է, որ հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում հնչած «ոչ կոռեկտ» արտահայտությունը լրատվամիջոցները մեկնաբանել են որպես տեղափոխման պատճառ: Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման իրողությունները չեն կարող պատճառ լինել Եկեղեցու ներքին հարցերի կարգավորման համար»:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի