Արծրուն Հովհաննիսյան. Հրաչյա Հարությունյանի որդին բանակում ծառայել է 2009-2011թթ., 2012թ. նոր նրա մոտ ուռուցք են հայտնաբերել
Մոսկվայում խոշոր վթարի մեջ մեղադրվոց ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանի որդին` Սերոբ Հարությունյանը, ում գերեզմանը սարքելու գումար վաստակելու նպատակով էլ, ըստ հարազատների, ՌԴ էր մեկնել Հ. Հարությունյանը, մահացել է բանակում ստացած գլխի հարցածից հետո: Այս մասին պատմում են Հրաչյա Հարությունյանի հարազատները:
«Երեխեն բանակում վնասվել է, եկել է՝ մահացել ա: Լիարժեք առողջ ուղարկել ենք բանակ: Բայց ասում են, որ ընդհարում է եղել ու հրացանի հարված է ստացել գլխին: Վերադարձել է ու սկսել է բողոքել: Տարանք հիվանդանոց ու պատասխան տվեցին, որ ուռուցք ունի` դրանից հետո մահացավ»,- քիչ առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև տեղի ունեցած ակցիայի ժամանակ լրագրողներին պատմեց Հրաչյա Հարությունյանի եղբայրը` Հայկ Հարությանյանը:
168.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքեց այս տեղեկությունները ու հորդորեց. «Նման դատարկամիտ շահարկումների հետևից մի գնացեք: Ես անձամբ այդ նույն բարեկամների հետ խոսել եմ` քրոջ, հոպարի, պապի: Մարդկանց էմոցիոնալ արտահայտությունները քննարկման առարկա դարձնելը ճիշտ չեմ համարում: Այդ երեխան ծառայել է 2009 թվականից 2011 թվականը: 2012թ. նոր հայտնաբերել են նրա մոտ ուռուցք: Գոյություն ունի բժշկական եզրակացություն, թող նայենք դրան: Չարորակ ուռուցքները ոչ մի կապ չեն ունենում հարվածների կամ նման այլ դրդապատճառների հետ»:
Ըստ նրա` «ազնիվ չէ» մարդկանց արտահայտությունները, որոնք էմոցիոնալ հարթակում են կատարվում, քննարկման առարկա դարձնել: Մեր հարցին, թե նման միջադեպ Սերոբ Հարությունյանի մասկանցությամբ ծառայության ժամանակ գրանցվե՞լ է, երբ նրա գլխին հրազենով հարվածել են, Արծրուն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Ամեն դեպքում գոյություն չի ունեցել մի միջադեպ նրա ծառայելու տարիներին, որը լուրջ քննության է առնվել կամ լուրջ հետևանքներ է ունեցել, չի եղել: Գուցե մեկը բանավոր ինչ-որ բան է պատմել, մի փոքր բանի մասին` ես ի՞նչ իմանամ»: