ՍԴ-ն կարճեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործի վարույթը

Սահմանադրական դատարանը, ելնելով  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից, որոշեց կարճել գործի վարույթը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Որոշման եզրափակիչ մասը հրապարակած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ դատարանի պատճառաբանված որոշումը առաջիկայում կտեղադրվի ՍԴ-ի պաշտոնական կայքէջում և կուղարկվի օրենքով նախատեսված սուբյեկտներին:

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, Ր.Հովհաննիսյանը վիճարկում էր ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:

Դիմումատուն խնդրել էր ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասն այնքանով, որքանով հնարավորություն է տալիս որպես ընտրական շտաբի ցուցանակ օգտագործել քարոզչական բնույթի պաստառները, այդ թվում թեկնածուի անուն ազգանունով և կարգախոսով:

ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում թեկնածուին, կուսակցությանը (կուսակցության դաշինքին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր, դրանց թիվը չի գերազանցում ընտրության համար կազմավորված ընտրական տեղամասերի թիվը, և յուրաքանչյուր պաստառի (ցուցանակի) մակերեսը չի գերազանցում 6 քառակուսի մետրը:

Ր.Հովհաննիսյանը խնդրել էր նաև ՀՀ Սահմանադրության նույն հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով Նախագահի թեկնածուներին հնարավորություն է տալիս ընտրական շտաբի համար տարածքների վարձակալման գումարը (շուկայական արժեքը), ինչպես նաև դրանց վրա որպես ցուցանակ օգտագործվող քարոզչական բնույթի պաստառների պատրաստման (տեղադրման) ծախսերը չներառել այն ծախսերի մեջ, որոնց համար օգտագործվում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները:

ԸՕ-ի վիճարկվող վերոհիշյալ դրույթն ամրագրում է, որ թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ԶԼՄ-ներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի, ներառյալ` տպագիր, պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները:

Տեսանյութեր

Լրահոս