Արարատի մարզում դիմորդների թիվը պակասել է 30 տոկոսով

Արարատի մարզի սոցիալական ծանր իրավիճակը ենթադրել էր տալիս, որ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը պակասած կլինի: Գնահատման և թեստավորման կենտրոնի համարգչային բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Կիրակոսյանը 168.am-ի հարցումին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ, իրենց տվյալների բազայի համաձայն, Արարատի մարզը 2012 թվականին ունեցել է բարձրագույն ուսումնական հաստատություն դիմած 1188 դիմորդ: Այս տարի՝ 2013 թվականին, դիմորդների թիվը նվազել է՝ կազմելով 826: Այսինքն, պակասել է 362-ով, ինչը մտահոգիչ ցուցանիշ է:

Կարելի է ենթադրել, որ կամաց-կամաց ընկնում է բարձրագույն կրթության հարգը, քանի որ «վերևներում» մարդու կրթվածության մակարդակով չեն առաջնորդվում պաշտոնի նշանակելիս կամ աշխատանքի ընդունելիս: Պատճառներից մեկն էլ այն է, որ  բարձրագույն ավարտածներից քչերն են իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնում: Սակայն այս ամենը չեն նվազեցնում հայ ծնողների անփոփոխ մարմաջը՝ իրենց երեխային տեսնել ուսանողական նստարանին, տանն էլ՝ դիպլոմ ունենալ: Այսինքն, դիմորդների թվի այդպիսի կտրուկ (շուրջ 30 տոկոս) նվազման պատճառը սոցիալական է՝ կրկնուսույցների գումարն ու ուսման թանկացած վարձերը շատերի համար բարձրագույն կրթությունը դարձնում են չիրականացված երազանք:

ԳԹԿ-ի գլխավոր մասնագետի տեղեկացմամբ՝ պատկերն ընդհանուր է ողջ հանրապետության համար՝անցյալ տարվա համեմատ դիմորդների ընդհանուր թիվը նվազել է 3000-ով:

Ք. Արարատ

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս