Ու՞մ հրահանգով է խոսել Իշխան Զաքարյանը
«Այս ամբողջ աղմուկը բարձրացվեց, երբ հայտարարվեց, որ 701 միլիարդ գումարը ռիսկային գոտում է գտնվում: Ես ինքս նաև հարցադրում եմ հնչեցրել, թե այդ ո՞ր 701 միլիարդն է, ո՞ր ոլորտի, և ի՞նչ քայլեր են արվում, որ այդ ռիսկային գոտուց դուրս գա և այլևս չլինի ռիսկային գոտում, և եթե նայում ենք բյուջեի կառուցվածքը, մենք տեսնում ենք, որ այդ 701 միլիարդը չէր կարող լինել ռիսկային, այսինքն՝ աշխատավարձ, ծրագրեր, և նայենք ընդամենը այն ոլորտները, որ նշեց նաև ՎՊ-ի նախագահը, որ գտնվում են ռիսկային գոտում, մենք տեսնում ենք, որ դա չի կարող լինել, այդ խնդիրները կարող են լինել 250 միլիոնից մինչև 300 միլիոն»,- Galatv.am-ի լրագրողի հետ զրույցում, մեկնաբանելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությունը, թե բյուջեի շուրջ 70 տոկոսը գտնվում է ռիսկային գոտում, ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Ըստ նրա՝ իհարկե կան խնդիրներ, բայց դրանց զուգահեռ կան նաև առաջընթաց: «Երբ որ հրապարակայնորեն քննադատվում է, պարսավանքի է ենթարկվում, կամ նշվում է, որ այսինչ պաշտոնյան ձերբակալվեց կաշառակերության կամ կոռուպցիայի համար, և մենք տեսնում ենք, որ տեղաշարժ կա, այլ խնդիր է, որ այդ պայքարի մեթոդները, այդ աշխատանքը ինքը իր տեմպերով, իր որակով մեզ ձեռք է տալիս, թե ոչ: Բայց միևնույն ժամանակ այս ամբողջ պատմության մեջ կարևոր հարցադրումը կայանում է նրանում, որ մենք պետք է լինենք բոլորս մեր տեղում և պրոֆեսիոնալ: Եթե ՎՊ է, ապա պետք է ներկայացնի փաստեր, եթե դրա մեջ կա քաղաքական կոմպոնենտ, ապա քաղաքական գնահատականը, մեկնաբանությունը պետք է տան քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, քաղաքական գործիչները, ԱԺ-ն և այլն: Եթե կան քրեական տարրեր, ապա իրավապահ համակարգը շատ արագ պետք է զբաղվի»,- ասել է Հովհաննես Սահակյանը:
Դիտարկմանը, թե արդյոք գտնում է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը շտապել է իր հաշվետվությունը ներկայացնելիս, ՀՀԿ խմբակցության քարտուղարը տվել է հետևյալ պատասխանը. «Քանի որ հաշվետվությունը և նախագահի ուղիղ հանձնարարականով, և նաև ԱԺ-ն էր ուղարկել գլխավոր դատախազություն, և մենք լսեցինք նաև գլխավոր դատախազի խոսքը, որ արդեն իսկ հանձնարարել են համապատասխան վարչությանը զբաղվել, փորձենք նաև այդ թվերի առումով ունենալ մի փոքր համբերություն»: Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ երբ որ դատախազությունը տա իր գնահատականը և եզրակացությունը, այդ ժամանակ նոր քաղաքական գործիչները կտան նաև իրենց գնահատականները:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի և վարչապետի միջև առկա լարված հարաբերություններին, ապա ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի՝ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն միատարր կուսակցություն է:
Ինչ վերաբերում է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանի ձերբակալությանը, որը դարձյալ կապում են Հովիկ Աբրահամյան – Տիգրան Սարգսյան հարաբերությունների հետ, ապա ըստ կուսակցության խմբակցության քարտուղարի. «Այդ առնչությամբ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, որ դա դուք եք ուզում (նկատի ունի լրագրողներին), որ մենք ունենանք խնդիրներ: Մենք բավականին սերտ, բավականին համակարգված աշխատում ենք՝ մենք ասածը, և ԱԺ-ը, և կառավարությունը: Երբեմն նաև լրատվամիջոցներում հարցադրում է հնչում, թե ինչու է կառավարությունը ավելի շատ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս, այլ ոչ թե ԱԺ մեծամասնությունը, դա խոսում է այն առողջ մթնոլորտի մասին, որ գոյություն ունի»:
Փայլակ Ֆահրադյան, Galatv.am