«Արտֆուդ», Պռոշյանի և Արալեզ գյուղի գործարանները ծիրանը մթերել են 70 -40 դրամի սահմաններում

Գարնանից սկսած մի քանի ամիս կարկուտը պարբերաբար հերթով «ահաբեկում էր» հանրապետության մարզերը` ի չիք դարձնելով սպասվող բերքի ակնկալիքները և խորացնելով սոցիալական դժգոհությունը: Արարատի մարզը կարկուտից համեմատաբար քիչ է տուժել, և բերք, մասնավորապես՝ ծիրան, թեև ունեցան, սակայն կարկուտը որակազրկել, չեչոտել էր պտուղը:

Հայաստանի կառավարության որոշումներով հաստատված՝ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության 2012-2013 թվականների ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալված է Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը:  Վարչության նորանշանակ պետը Հայկազ Տերտերյանն է, սակայն 168.am-ի հարցերին պատասխանեց մարզպետարանի լրատվության պատասխանատուն:

«Մեր մարզն ամենաքիչն է տուժել, իսկապես բնությունը կարծես բարեհաճ գտնվեց, բայց դա նաև մեր աշխատանքի արդյունքն է: Ուղղակի գնային քաղաքականությունը գյուղացուն չէր բավարարում, մթերման գնի հետ համաձայն չէին: Վնաս չէին կրել, բայց բերքը որակ չուներ: Ծիրանը մարզում մթերվել է տարբեր գներով: Ամենավերին շեմով՝ 700 դրամ, մինչև 150 դրամ, սա որակյալ, սառնարանի համար նախատեսված պտուղի գինն է: Դժգոհ էին, երբ որ «Սպայկան» էր մթերում, իսկ պահածոյացվելու համար Արարատի մարզում ծիրանի մթերում է իրականացվել 3 գործարանում՝ «Արտֆուդ», Պռոշյանի գործարանի մասնաճյուղ և  Արալեզ գյուղում: Այս գործարանները մթերել են 70 դրամից ինչև 40 դրամի սահմաններում»,- ասաց լրատվության պատասխանատու Գոհար Խաչատրյանը:

Մամուլի պատասխանատուն հատուկ շեշտեց, որ «Արտֆուդը» կոմպոտի ծիրանը մթերել է կիլոգրամը 150 դրամով: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԺ լրատվական ծառայության՝ «Արտֆուդ» ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ մյուս բաժնեմասը՝ ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանին:

 

Գայանե Մկրտչյան

Արարատի մարզ

Տեսանյութեր

Լրահոս