Նյու Յորքում գտնվող սեփական տան առջև զինված հարձակում է տեղի ունեցել Էռնստ Նեիզվեստնիի կնոջ վրա (լուսանկարներ)
Աշխարահռչակ քանդակագործ Էռնստ Նեիզվեստնիի կինը զինված հարձակման է ենթարկվել Նյու Յորքի հարուստ թաղամասերից մեկում գտնվող իրենց տան առջև: Աննա Գրեհամը (Անուշ Մելիքբեկյան) գիշերվա ժամը մեկի մոտակայքում դուրս է եկել տանից՝ հյուրերին ճանապարհելու, որոնք գնում էին Լոնգ Այլենդի շատ հարուստ թաղամասերից մեկը՝ Հեմփթոնս: Կինը, մինչ հյուրերը իրենց մեքենան կհանեն կայանատեղից, որոշում է ծխել: Այդ պահին Գրեհամին են մոտենում 2 տղամարդ, ու նրանցից մեկը 54-ամյա կնոջից պահանջում է դրամապանակը: Գրեհամը պատասխանում է. «Կատա՞կ եք անում: Ես գիշերազգեստով եմ, ի՞նչ դրամապանակ»:
Դրանից հետո տղամարդկանցից մեկը ատրճանակը դեմ է անում կնոջ գլխին: Քանդակագործի կնոջ պատմելով՝ ինքն ասել է. «Ուզում ես կրակե՞լ, կրակի՛ր»: Դրանից հետո տղամարդն ատրճանակն ուղղել է կնոջ կրծքին, ինչին կինն ավելի անհավանական պատասխան է տալիս. «Կրակելու համար «ձվեր» է պետք ունենալ: Դե կրակի՛ր: Բայց դու չես կրակի, որովհետև դրանցից չունես՝ տղամարդ չես»: Հարձակվողի հանցակից 2-րդ տղամարդն առաջինին ձայն է տալիս. «Կրակի՛ր, կրակի՛ր, կրակի՛ր»: Գրեհամի խոսքերով՝ նա սառը հայացքով նայել է հանցագործի աչքերի մեջ:
Բարեբախտաբար, հանցագործը հետ է քաշվում, և Նեիզվեստնիի հյուրերի մեքենայից գողանալով տեխնիկան, նրանք փախուստի են դիմում: Նկարագրելով հարձակվողին՝ Գրեհամն ասել է, որ նա «գեղեցիկ տղամարդ էր», ապա ավելացրել է, որ վերջինիս բախտը լավ բերել է, որովհետև, եթե տղամարդը սեղմեր ձգանը, նրա կյանքն ամբողջովին կփոխվեր: Նյու Յորքի ոստիկանապետն ասել է, որ, թեև ինքը ողջունում է կնոջ քաջությունը, սակայն ոչ մեկին խորհուրդ չի տալիս նույնկերպ իրեն պահել: Նման դեպքերում գրեթե միշտ հանցագործները կրակում են:
Ինձ հաջողվեց կապվել Գրեհամի հետ, ով հայտնեց, թե շատ հոգնած է, մեծ ցնցում է ապրել և դժգոհ է այն «անխիղճ վարքագծից», որ նյույորքյան մամուլը ցուցաբերում է իր՝ նման ցնցում ապրած կնոջ նկատմամբ: Գրեհամը հայտնեց նաև, որ հատկապես դժգոհ է այն բանից, որ մամուլի ներկայացուցիչները շրջապատել են Սոհո թաղամասի Գրին Սթրիթում գտնվող իրենց տունը: Մեր թղթակցի հարցին, թե արդյոք որևէ առաջընթաց կա՞ հանցագործներին գտնելու գործում, Գրեհամը պատասխանեց. «Դեռ որոնում են»:
Այս դեպքն ամերիկյան մամուլի համար հետաքրքրություն է ներկայացնում ոչ թե այն պատճառով, որ Գրեհամն Էռնստ Նեիզվեստնիի կինն է (նյույորքցիների մեծ մասի համար Նեիզվեստնին հայտնի մարդ չէ), այլ որովհետև կինն իրեն անսովոր է պահել նման իրավիճակում, ինչը հակասում է այն ամենին, ինչ ամերիկյան ոստիկանությունը սովորեցնում է ամերիկացիներին: Դեպքն արտառոց է նաև նրանով, որ հարձակումը տեղի է ունեցել հարուստ և շատ մոդայիկ Սոհո թաղամասում, որտեղ գտնվում են կերպարվեստի գալերեաներ և թանկարժեք բրենդերի բազմաթիվ բուտիկներ, և որը համարվում է Մանհեթենի ամենաապահով թաղամասերից մեկը:
Տեքստը և լուսանկարները՝
ՀԱՅԿ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ
Նյու Յորք-Երևան