«Մաքսանենգ ադամանդների» գործով մեղադրյալներն արդեն երեքն են
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Պետեկամուտների կոմիտեի «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության երրորդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կարեն Գալստյանին: Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ավելի վաղ,ապրիլի 4-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին և Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կառատ խոշոր չափի՝ 136.491.137 դրամ արժեքով ադամանդներ և 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երևան չվերթով տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայան: Այնուհետև Արսեն Փափազյանն իր ենթակա՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կարեն Գալստյանին հանձնարարել է օդանավակայանի ուղևորների սպասարկման բարձրակարգ սրահում Աշոտ Գասպարյանից ստանալ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ադամանդները, առանց մաքսային հսկողության և հայտարարագրման տեղափոխել մաքսային հսկողության գոտուց դուրս և թաքցնել ավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի, 09 ՕԼ 080 պ/հ ավտոմեքենայում, ինչը նա կատարել է, և այն նույն պահին հայտնաբերվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Արսեն Փափազյանի և Աշոտ Գասպարյանի նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորումը, իսկ Կարեն Գալստյանի նկատմամբ՝ չհեռանալու ստորագրությունը: Նախաքննությունը շարունակվում է: