Ինչո՞ւ են բախվել հայկական և ադրբեջանական պատվիրակությունները ՍԾՏՀ վեհաժողովում

Բուլղարիայում հուլիսի 10-11-ը Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական համագործակցության 41-րդ վեհաժողովի ժամանակ բախվել են հայկական և ադրբեջանական պատվիրակությունները: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, թեև վեհաժողովը նվիրված էր զբոսաշրջության խնդիրներին, սակայն ադրբեջանական պատվիրակությունն իր ելույթը նվիրել էր ղարաբաղյան խնդրի նենգափոխմանը և ստահոդ տեղեկություններ էր տարածել:

Ըստ նրա՝ միջազգային հարթակներում ադրբեջանական ցանկացած հակահայկական ելույթ հանդիպում է ՀՀ պատվիրակների հուժկու հակադարձմանը, որը նվազեցնում է հաջորդ անգամ իրենց այդպիսի հայտարարությամբ հանդես գալը:

ՍԾՏՀ վեհաժողովում ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե ադրբեջանական պատվիրակության ղեկավարն իր ելույթից անմիջապես հետո դուրս է եկել դահլիճից և այլևս չի վերադարձել, հայերի հետ «պալեմիկա» չի փնտրել, ինչը նշանակում է, որ դա արվել է միայն Ադրբեջանի իշխանություններին ցույց տալու համար: Ադրբեջանցիները  նաև օրինակ են բերել ՀՀ-ում Մոլդովայի Մարդու իրավունքների պաշտպանի հետ կապված իրադարձությունները և հայտարարել, թե ՀՀ-ում զբոսաշրջիկների անվտանգությունը ապահովված չէ:

Գ.Մինասյանի խոսքով՝ խնդիր է եղել նաև Թուրքիայի հետ, որը ցանկանում է 2020թ. օլիմպիական խաղերն իր մոտ անցկացնել և ակնկալում էր վեհաժողովի աջակցությունը: Հայերի համար դա անընդունելի է, քանի որ, ըստ Գ.Մինասյանի, Օլիմպիական խաղերը խաղաղության, համաձայնության և բաց սահմանների տոն են, իսկ Թուրքիայում դա չկա: Հայերը նաև վեհաժողովի պատվիրակներին հիշեցրել են, որ եթե մի երկիր համաձայն չէ որևէ հարցի հետ, ապա այն չի մտնում օրակարգ, սակայն Թուրքիայի հարցը որակվել է որպես սատարում:

Տեսանյութեր

Լրահոս