Հայաստանյան տնտեսվարողների կեսից ավելին խախտումով է աշխատում
Սննդի անվտանգության պետական ծառայությունն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ստուգումներ է իրականացրել 777 տնտեսվարողների մոտ: Նրանցից ավելի քան կեսի մոտ (468 սուբյեկտ) հայտնաբերվել են խախտումներ:
Ինչպես տեղեկանում ենք ծառայության հրապարակած տեղեկանքից, ամենից հաճախ հանդիպող խախտումը պատշաճ մակնշման բացակայությունն է, կամ անհամապատասխանությունը: Թեև հաշվետու ժամանակահատվածում ծառայության մասնագետները իրացման կետերում հայտնաբերել են նաև ժամկետանց, կամ որակին չհամապատասխանող ապրանքներ:
Այսպես, Երրևանի՝ 35, Արագածոտնի մարզի՝ 31, Աարատի մարզի՝ 30, Արմավիրի մարզի՝ 18, Գեղարքունիքի մարզի՝ 111, Կոտայքի մարզի՝ 14, Լոռու մարզի՝33, Շիրակի մարզի՝6, Սյունիքի մարզի՝ 54, Տավուշի մարզի՝21, Վայոց ձորի մարզի՝ 43 խանութներում հայտնաբերվել պիտանիության ժամկետն անցած ձկնամթերքի, կետչուպի, մայոնեզի, ձիթապտղի տեսակեր, որոնց վաճառքն արգելվել է:
Հայտնաբերվել է նաև «Սմոլենսկայա Կոլեկցիա» ապրանքանիշի պահածոյացված ձուկ, որի վրա նշված չեն եղել արտադրման և պիտանիության ժամկետները:Այս ապրանքատեսակի իրացումը նույնպես արգելվել է: Իսկ, օրինակ, «Աշտարակ կաթ»-ի պաղպաղակն իրացվել է առանց համապատասխանության պարտադիր սերտիֆիկատի:
Սննդի անվտանգության ծառայությունը նաև տեղեկացնում է, որ պիտակներին առկա մակնշման անհամապատասխանությունների վերացմանն ուղղված նամակներ է ուղարկել «Բյուրեղ Ալկո», «Նատալի ֆարմ»,«Պռոշյանի կոնյակի գործարան»,«Քեթրին գրուպ»,«Դուստր Մարիաննա»,«Շամպայն գինիների գործարան»,«Վեդի ալկո»,«Երևանի կոնյակի գործարան», «Ալեքս Գրիգ»,«Արաբկիր ալկո»,«Արտաշատի պահածոների գործարան» և մի շարք այլ ընկերությունների: