«Զինդատախազն ինչ-որ բան շփոթել է, ես շատ ճիշտ հասցեով եմ ուղարկել իմ բողոքը». Արտակ Բուդաղյանի պաշտպան

«Զինդատախազն ինչ-որ բան շփոթել է, ես շատ ճիշտ հասցեով եմ ուղարկել իմ բողոքը, բողոքարկել եմ գլխավոր դատախազին, բողոքիս քննությունն էլ հանձնվել է զինդատախազին»,- երեկ galatv.am-ի հետ զրույցում զինդատախազության հաղորդագրության վերաբերյալ իր տեսակետն է հայտնել Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ զինդատախազությունը հաղորդագրություն էր գրել իր կայքում այն մասին, որ 20.06.2013թ. Արտակ Բուդաղյանը դիմում է ներկայացրել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանին և խնդրել իրեն ճանաչել տուժող:

Դատախազությունը, օրենքով սահմանված ընթացակարգով անհապաղ քննության առնելով դիմողի պահանջը, 24.06.2013թ. պատճառաբանված որոշում է կայացրել դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին:

10.07.2013թ. ՀՀ զինվորական դատախազությունում ստացվել է ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմող Ա.Բուդաղյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին քննիչի որոշման դեմ` խնդրանքով՝ վերացնել ՀԿԳ քննիչ Ա.Ղազարյանի` 24.06.2013թ. չպատճառաբանված որոշումը և ցուցում տալ քննիչին՝ Արտակ Բուդաղյանի պահանջի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում:

Դատախազությունը գրում է, որ քննիչի նշված որոշումը վիճարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված փաստաբանի բողոքը թողնվել է առանց քննության, որի մասին ծանուցվել է փաստաբան Հայկ Ալումյանին:

Վերջինիս բողոքը չի քննարկվել, քանի որ փաստաբանը, ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 103-րդ հոդվածով, քննիչի որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին, այնինչ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, տվյալ որոշումը` դատավարության մասնակից ճանաչելու պահանջի լուծումը հետաձգելու մասին, դրա պատճենն ստանալուց 5 օրվա ընթացքում դիմողը պետք է բողոքարկի դատարան: Հետևաբար, քանի որ տվյալ որոշումը կարող էր բողոքարկվել բացառապես դատարան, ուստի ՀՀ գլխավոր դատախազը չէր կարող քննարկման առարկա դարձնել այն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրերս մամուլում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել, որը Սուրեն Խաչատրյանը հերքել է, galatv.am-ը փորձել է Ալումյանից պարզել իրականությունը, ով ևս մեկ անգամ հաստատել է, որ, այո, Տիգրան Խաչատրյանի արյան մեջ հայտնաբերվել է թմրանյութ, միևնույն ժամանակ նշելով, որ օրեր առաջ ինքը եղել է ոչ թե այդ տեղեկությունը տարածողը, այլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ մամուլում լայնորեն շրջանառվելիս է եղել տեղեկությունը, լրագրողի հարցին պատասխանելով՝ ինքն ուղղակի հաստատել է դա:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս