Մեր ստրատեգիական գործընկերոջ կողմից այս դավաճանական սկզբունքներով գործարքը պիտի դառնար լայն շրջանակների քննարկման թիվ 1 թեման
Հատված panorama.am-ին տված ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հարցազրույցից
– Պրն. Աղաբեկյան մի կողմից ջանում եք ԼՂՀ շրջանների վերաբնակեցման հիմնախնդիրը լուծել, դեմոգրաֆիական աճ ապահովել, մյուս կողմից Ռուսաստան -Ադրբեջան ռազմական գործարքը, համագործակցությունը նոր իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում: Այս երկու իրադարձությունների պրիզմայով մեր հայաստանյան իշխանության վարքագիծը որքանով է ադեկվատ:
– Իմ տեսակետն այս առումով հստակ է, ես այն կարծիքին եմ, որ ՌԴ-ի վաճառածը Ադրբեջանին այն զինատեսակն է, որն ուղղված է խաղաղ բնակչության դեմ: Սա լուրջ խնդիր է մեզ համար և ստրատեգիական մեր գործընկերոջ կողմից այս դավաճանական սկզբունքներով գործարքը պիտի դառնար լայն շրջանակների քննարկման թիվ 1 թեման: Բոլոր քաղաքական, պետական այրերը, վերլուծաբանները՝ բոլոր ճամբարների, իրենց գնահատականը պետք է տան այդ գործարքին, պետք է բարձրաձայնեն, մինչդեռ նկատում եմ ՝ պասիվ են:
– Սպառազինությունների մրցավազքը չի խանգարում արդյոք կողմերի հավասարակշռությունը, պարոն Աղաբեկյան, Սմեչ զինատեսակի վաճառքից հետո արցախցին, հայը ունեն մտավախությունների լուրջ պատճառ:
– Հայաստանի Հանրապետությունը չի կարող իրեն թույլ տալ, որպեսզի խախտվի կողմերի հարաբերակցությունը և սպառազինվելու նոր հնարավորություններ տա հակառակորդին: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Սմերչի գործարքով չի խախտվել կողմերի հավասարակշռությունը, փառք Աստծո: Բայց սա բերում է նրան, որ մենք էլ ավելի շատ ջանանք ու էլ ավելի շատ ռեսուրսներ հատկացնենք մեր պաշտպանական ընդհանուր համալիրի կառուցմանը, ինժեներական կառույցներին: Մյուս կողմից էլ պարտավոր ենք ԼՂՀ-ում անել ամեն բան, որպեսզի աշխարհին ցույց տանք, թե որքան նպատակաուղված ու հաստատակամ ենք գնում ԼՂՀ դիրքերի ամրապնդման, տարածաշրջանի զարգացման կոմունիկացիոն խնդիրների լուծման ճանապարհով և Ադրբեջանական ոչ մի ռազմական շքերթ ռազմական գործարք մեզ չի կարող ընկճել կամ հետ պահել մեր նպատակների իրականացման ճանապարհից: Այդ որ մի ղարաբաղցին չի հավատում իր երազանքին, որ մի օր ԼՂՀ տարածքում կապրի 300 000 մարդ: Մենք շարունակելու ենք հենվել այդ երկրի արգասաբեր հողի ներուժի վրա, որպեսզի լուծենք ոչ միայն տնտեսական կոմունիկացիան այլ նաև դեմոգրաֆիական ռազմական ու խնդիրներ:
Կարդացեք այստեղ.